ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է՝ «ԱՉՔ ՀԱՆԵԼ»

Մուշ այցելած Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Ելդըրիմը յայտարարել է, որ ոչ ոք իրաւունք չունի տարածքային պահանջներ ներկայացնելու Թուրքիային: Թուրքական Vatan գործակալութեան տեղեկութեան համաձայն՝ Ելդըրիմը յայտարարել է նաեւ. «Երբ Թուրքիան իր հարեւանների հետ սառը յարաբերութիւններ ունէր, մենք ոչ մի բարեկամ չունէինք:
Հիմա, սակայն, մենք լաւացնում ենք յարաբերութիւնները Սիրիայի հետ, խորացնում ենք ռազմական համագործակցութիւնը Իրաքի հետ, բարեկամանում ենք նաեւ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը եւ Հայաստանը: Սակայն հայկական սփիւռքը յաւակնութիւններ ունի մեր տարածքների նկատմամբ: Թուրքիան չի պատրաստւում որեւէ մէկին վնասել, սակայն հաւաստիացնում ենք, որ թուրքական տարածքների վրայ աչք ունեցողի «աչքը կը հանենք»:
Ի դէպ, թուրք նախարարի ելոյթը Մուշում ուղղւած է եղել ոչ միայն հայերին, այլեւ քրդերին, քանի որ այժմ հայկական այդ քաղաքում հիմնական բնակչութիւնը հէնց քրդեր են, որոնք Մուշը «ընդգրկել» են Քուրդիստանի տարածքում: Վերջերս էլ Մուշի նահանգի քաղաքներից մէկի քուրդ քաղաքապետը յայտարարել էր, որ Քուրդիստանը ներառում է արեւելեան Թուրքիայի զգալի մասը:
Աւելորդ չէ նշել նաեւ, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարի «աչքը հանող» ելոյթը տեղի է ունեցել Մուշի Սուլուխի կամրջի մօտ, որտեղ 1907-ի մայիսի 27-ին Գէորգ Չաուշի գլխաւորութեամբ հայկական զինւած ուժերը ջախջախել էին թուրքական հրոսակներին:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

0 Պատգամ: