ՉԱԽԱԼԵԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Հ. Հ.
Ջավախահայ քաղաքական ակտիւիստ Վահագն Չախալեանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրեայ փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունէութեան իրականացումն արգելող օրէնքի փոփոխութիւնը հակասահմանադրական ճանաչելու հայցով:
«Երկիր» հայրենադարձութեան եւ հիմնաւորման հասարակական կազմակերպութիւնների միութեան տեղեկացմամբ, 2009-ի նոյեմբերի 10-ին Չախալեանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան: Հայցի ներկայացման առիթը Վրաստանի արդարադատութեան նախարարութեան կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապեանին որպէս Վահագն Չախալեանի պաշտպանի գրանցման մերժումն է ս.թ. փետրւարի 16-ին։ ,
Տեղեկացրել ենք նաեւ, որ 2009-ի յունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումը ընթացքի մէջ էր վարչական դատարանում, Վրաստանի խորհրդարանը քրէական դատաւարութեան օրէնսգրքի մէջ փոփոխութիւններ կատարեց, որոնց համաձայն օրէնսգրքից ընդհանրապէս հանւեց օտարերկրեայ փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանութիւն իրականացնելու հնարաւորութիւն տւող դրոյթը: Օրէնսդրական այս փոփոխութիւնը հիմք ծառայեց վարչական դատարանի համար, որպէսզի յուլիսի 15-ին մերժի ֆրանսիացի փաստաբանի գրանցման հայցը:
Սահմանադրական դատարանի հայցի անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում Վահագն Չախալեանին օգնել է «Մարդու իրաւունքների կենտրոն» հասարակական կազմակերպութեան փաստաբան Նինօ Անդրիաշվիլին, որը վերաքննիչ ատեանում արդէն ներկայացնում էր Չախալեանների շահերը որպէս պաշտպան: Յիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողեց անփոփոխ: Իսկ առաջին ատեանի դատարանը Չախալեանին դատապարտել է տասը տարւայ ազատազրկման:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 14-11-2009

0 Պատգամ: