ԼՂ հիմնախնդիրը զինւած ճանապարհով լուծելու Բաքւի արկածախնդրութիւնն էր, որ յանգեցրեց ծանր հետևանքների


11:39 / 12.11.2009
Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում (ԱԽ) անցկացւել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչութեան պաշտպանութիւնը զինւած հակամարտութիւններում» թեմայով, որոնք նւիրւած էին ԱԽ-ի կողմից այս կարևորագոյն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասնամեակին:
Միջոցառումը նախագահելու նպատակով Նիւ Եորք էր ժամանել Աւստրիայի ԱԳ նախարար Միխայէլ Շպինդելէգերը:
ԱԽ-ի նիստում ելոյթներ են ունեցել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը, Մարդասիրական հարցերով ԳՔ տեղակալ Ջոն Հոլմսը, ինչպէս նաև ԱԽ բոլոր տասնհինգ անդամները:
Քննարկումները շարունակւել են մինչև ուշ երեկոյ, որին մասնակցել և ելոյթ են ունեցել նաև ՄԱԿ-ի 47 անդամ պետութիւնների ներկայացուցիչները, դրանց շարքում Շւէդիան` ԵՄ անունից, Նորւէգիան, Շւէյցարիան, Բրազիլիան, Արգենտինան, Կանադան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Հարաւային Աֆրիկան, Տանզանիան, Սիրիան, Պաղեստինը, Իրանը, Հայաստանը, Հարաւային Կօրէան, Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և այլն:
Ադրբեջանի դեսպան Մեհդիեւն իր ելոյթում ներկայացրել է Խոջալուի դէպքերի ադրբեջանական մեկնաբանութիւնը: Նրա յայտարարութիւններին հետևել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարէն Նազարեանի ելոյթը, ով, մասնաւորապէս՝ նշել է, որ քննարկումներին իր մասնակցութիւնը պայմանաւորւած է ԼՂ հակամարտութեանը նախորդած շրջանում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ծրագրաւորւած էթնիկ զտումները և սպանութիւններն ի յայտ բերելու անհրաժեշտութեամբ:
Դեսպան Նազարեանը հակադարձել է Խոջալուի մասին ԱԽ-ում արւած ադրբեջանական յայտարարութիւնը՝ նշելով, որ համաձայն այդ տարիների Ադրբեջանի նախագահ Մութալիբովի, Խոջալուն կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմութիւնը, որի նպատակն էր իր իսկ բնակչութեան սպանութեան ողջ ծանրութիւնը գցել Բաքւի իշխանութիւններ վրայ ու կազմակերպել յեղաշրջում:
Հայաստանի դեսպանը մեղադրել է Ադրբեջանին հումանիտար և մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարման հարցում ու նշել, որ ԼՂ հիմնախնդիրը զինւած հակամարտութեան ճանապարհով լուծելու Բաքւի արկածախնդրութիւնը յանգեցրեց անկանխատեսելի ու ծանր հետևանքների, և միայն Հայաստանի միջամտութեամբ հնարաւոր եղաւ կասեցնել իրենց հայրենիքում արցախահայերի բնաջնջումը և առհասարակ ադրբեջանական ագրէսիան:
Ի թիւս այլ ելոյթ ունեցողների, Հայաստանը նոյնպէս կարևորել է ՄԱԿ-ի ԱԽ-ի դերը՝ ամրապնդելու համար օրէնքի գերակայութիւնը, միջազգային իրաւունքի և քրէական արդարադատութեան մեխանիզմների իրականացումը քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան հարցերում:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: