Մահագոյժ
Կեանքին հրաժեշտ տւեց ազգային-հասարակական գործիչ, վաստակաշատ
գիտնական, ակադեմիկոս
դոկտ. Հարմիկ Դաւթեանը
Այսօր՝ նոյ. 12-ի առ. ժամը 9.30. յանկարծամահ եղաւ ազգային-հասարակական ականաւոր գործիչ, հոգեբուժութեան գիտական ոլորտում ուրոյն տեղ զբաղեցրած ակադեմիկոս դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանը:
Ցաւօք՝ կեանքից հեռացաւ մի մարդ, որի գիտակցական կեանքի իւրաքանչիւր օր առլեցուն էր ազգային եւ գիտական մտքի ու տեսիլքի ոգորումներով, ապրեց ու աշխատեց այնպէս, որ իրենից յետոյ գալիք սերունդների մտապատկերում սեպւելու են նրա անցած բեղմնաւոր ուղին եւ մարդկային բնութագիրը:
Բնութագիր, որը ինքնին առաջնորդող եւ դաստիարակող կենդանի օրինակ է:Ցաւօք, քանի որ նրա հետ ամէն հանդիպում ուսուցանող եւ հոգեպարար էր:Չենք ցանկանում գրել՝ վերջին հանդիպում Ձեզ հետ կամ վերջին հրաժեշտ Ձեզ, սիրելի դոկտ. Հարմիկ, քանզի մեր եւ գալիք սերունդների առօրեայում կապրէք ու կը քայլէք այնքան, քանի դեռ գոյատեւում է համայնքն ու համայն հայութիւնը՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, որովհետեւ Ձեր անհատականութիւնն ու աշխատանքը լոկ համայնքով ու երկրով չէր սահմանափակւում, այլ տարածւում էր նաեւ Հայոց աշխարհ՝ Հայրենիքում, որին դուք այնքան կապւած էիք:
Հրաժեշտ՝ Ձեր ֆիզիկական ներկայութեանը, բայց յաւերժութիւն՝ ապրող օրերում...
«Ալիք»-ի ողջ ընտանիքը սգում է իր գաղափարական մեծ ընկերոջ ծանր կորուստը՝ վշտակցելով իր անմիջական հարազատներին, բարեկամներին ու ողջ համայնքին:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment