ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ «ԳՈՐԾԱՌՈՅԹԸ»


Ում ինչը ցաւում է, դրանից էլ խօսում են կամ խօսում են այլ բաներից, բայց համատեքստում էլի ցաւօտ տեղն է զգացւում: Գնալով ակնյայտ է դառնում, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների նորմալացումը ոչ միայն միանշանակ չի ընդունւում, ասել է` թէ ողջունւում հարեւան Վրաստանում, այլեւ լուրջ մտահոգութիւններ են արտայայտւում` չտարբերակել թեման ու յարիր լինելը:
«Ազգն» արդէն անդրադարձել է հակահայկական տրամադրութիւնների այն արտայայտութիւններին, որոնք կապւում են հայ-թուրքական սահմանի հաւանական բացման հետ, ընդ որում, դրանցում տրամաբանութիւնը բացակայում է ճիշտ այնպէս, ինչպէս ընդհանրապէս հակահայկական յայտարարութիւնների պարագայում, որ գալիս են Վրաստանից:
Հիմա էլ վրացիները մտահոգւած են, թէ Վրաստանը սկսում է կորցնել աշխարհաքաղաքական իր «գործառոյթը», ուստի պէտք է ջանք ու եռանդ չխնայել բացելու Վերին Լարսի անցակէտը` ապահովելու ցամաքային կապը Ռուսաստանի հետ: Նման յայտարարութիւն է արել պատգամաւոր Ջոնդի Բագատուրիան:
Նշենք, որ այսօր Լարսի անցակէտի բացման առնչութեամբ զեկոյցով հանդէս է գալու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձէն` հանդէս գալով Վրաստանի Անվտանգութեան խորհրդում:
Բագատուրիան ընդգծել է, որ անցակէտը պէտք է բացւի, եւ թող յետոյ միայն «մաքսաւորներն ու սահմանական ծառայութիւնը որոշեն, թէ ով պիտի վարունգ, պոմիդոր ու հերոին ներկրի»:

Ա. Հ.

0 Պատգամ: