Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարները հեռախօսազրոյց են ունեցել


13:43 / 20.01.2010
Հայաստանի արտգործանախարար Էդւարդ Նալբանդեանը հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի հետ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը նշել է, որ Հայաստանի արտգործնախարարը զանգել է Թուրքիայի իր գործընկերոջը եւ յայտնել իր անհանգստութիւնը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած յայտարարութեան կապակցութեամբ։
Դաւութօղլուն իր Հայ գործընկերոջը յայտնել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի Յունւարի 12-ին ընդունած որոշման մէջ կան անընդունելի նախապայմաններ։ Դաւութօղլուն յայտնել է նաեւ, որ Թուրքիան հաւատարիմ է ստորագրւած արձանագրութիւնների ոգուն եւ նոյն վճռականութիւնն է ակնկալում նաեւ հայկական կողմից։ Ըստ Դաւութօղլուի՝ արձանագրութիւնների ստորագրումից անմիջապէս յետոյ թուրք հասարակութեան մէջ սկսել են իրազէկման քաղաքականութիւն եւ արձանագրութիւնները ներկայացրել են խորհրդարան, իսկ հայկական կողմը դեռ խորհրդարան չի ներկայացրել։
Յիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Յունւարի 19-ին յայտարարութիւն էր տարածել, որում նշել էր, թէ Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ Հայ-թրքական արձանագրութիւնների համապատասխանութեան մասին, հակասում է «արձագրութիւնների ոգուն եւ բովանդակութեանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդւարդ Նալբանդեանն ի պատասխան յայտնել էր, որ մտադիր է զանգել Ահմեդ Դաւութօղլուին՝ իր տարակուսանքը յայտնելու եւ պարզելու, թէ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մէջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ, եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրութիւնների հիմնարար նպատակին: «Յոյսով եմ, որ նման յայտարարութեամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրութիւնների վաւերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- ասել էր նա:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: