ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ

13:17 / 22.01.2010
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք այս շաբաթ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, հանդէս են եկել յայտարարութեամբ, որտեղ նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նւիրւածութիւնն են յայտնել Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը:
ԵԱՀԿ-ի պաշտօնական կայքէջում տեղադրւած յայտարարութիւնում Ռոբերտ Բրադկէն, Եուրի Մերզլեակովը եւ Բեռնար Ֆասիէն տեղեկացնում են, որ Յունւարի 20-ին Երեւանում հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին` նրան են փոխանցել «2007 թւականի նոյեմբերի Մադրիդեան փաստաթղթի լրամշակւած տարբերակը` համանախագահների կողմից Հիմնարար սկզբունքների նոր ձեւակերպմամբ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Մադրիդեան փաստաթղթի լրամշակւած տարբերակը փոխանցւել էր դեռ անցած տարւայ դեկտեմբերին` միջնորդների Բաքու կատարած այցի ժամանակ: Համանախագահները ընդգծել են , որ համապատասխան հրահանգը ստացել էին իրենց նախագահներից 2009 թւականին, Ակվիլայում:
Յիշեցնենք, որ տարեվերջին համանախագահները Երեւան չէին այցելել: Իսկ ահա Սերժ Սարգսեանի հետ հանդիպումից յետոյ` Յունւարի 21-ին, համանախագահները Բաքւում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Համանախագահների հետ իրենց քննարկումներում երկու նախագահներն էլ իրենց նւիրւածութիւնը յայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հետամուտ լինելուն եւ վերահաստատեցին լրջութիւնը, որով իրենց կողմը մօտենում է բանակցութիւններին», — ասւած է միջնորդների Յունւարի 22-ի յայտարարութիւնում:
Տարածաշրջան կատարած այցից յետոյ համանախագահները մեկնել են Աստանա` ԵԱՀԿ-ի նախագահութիւնը ստանձնող Ղազախստանի կառավարութեան հետ խորհրդակցութիւնների համար: Աստանայում խորհրդակցութիւններից յետոյ նրանք կը մեկնեն Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հիւրընկալելու է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկայ հանդիպումը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: