Հայաստանի ԱԳՆ.–
Անկարան վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ողջ գործընթացը

20:34 / 20.01.2010
Յունւարի 20-ին հայկական կողմի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդւարդ Նալբանդեանի եւ Ահմեդ Դաւութօղլուի միջեւ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնից, Է. Նալբանդեանն իր տարակուսանքն է յայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ կողմից յունւարի 18-ի յայտարարութեան կապակցութեամբ: Նախարարը նշել է, որ արձանագրութիւնները ՀՀ Սահմանադրութեանը չհակասելու մասին Սահմանադրական Դատարանի որոշման մէջ նախապայմաններ և հիմնարար նպատակի հետ հակասութիւն տեսնելը առնւազն զարմանք է յարուցում:
Նա մտահոգութիւն է յայտնել առ այն, որ Թուրքիայում 2009թ. հոկտեմբերից ի վեր վաւերացման գործընթացում որևէ առաջընթաց չի նկատւում: Միևնոյն ժամանակ, թուրքական կողմը շարունակաբար և բացայայտօրէն փորձում է նախապայմաններ առաջ քաշել. դա ստեղծում է արհեստական պատրւակների փնտրտուքի տպաւորութիւն եւ վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ողջ գործընթացը:
Հայաստանի ԱԳ նախարարը, դրական գնահատելով այն փաստը, որ թուրքական կողմը յունւարի 18-ի ԱԳՆ յայտարարութեամբ հրապարակաւ վերահաստատել է նախապայմաններ առաջադրելու վնասակարութիւնը` իր թուրք գործընկերոջն առաջարկել է հաւատարիմ մնալ արձանագրութիւնների տառին եւ ոգուն և արագ առաջ ընթանալ:
Է. Նալբանդեանը յաւելել է, որ Հայաստանում վաւերացման գործընթացը` ընթանում է սահմանւած կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայութիւնն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանւած ժամկէտից առաւել քան մէկ ամիս շուտ: Նա նաեւ վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած յանձնառութիւնների, հետամուտ լինել արձանագրութիւնների անյապաղ վաւերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղւած մտացածին պատրւակներ առաջադրելու գործելաոճից։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: