Հայաստանի երկրորդ նախագահը հանդիպել է Իրանի նախագահին եւ արտգործնախարարին


21.01.2010
Ռուզաննա Ստեփանեան,
Արմէն Քոլոյեան

Չորեքշաբթի օրւանից Իրանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

Ինչպէս «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը, Ռոբերտ Քոչարեանը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:
Սողոմոնեանը պարզաբանեց, որ Ռոբերտ Քոչարեանը Իրանում է գտնւում պետական հրաւէրով` որպէս Հայաստանի երկրորդ նախագահ:
Երկօրեայ այցի շրջանակներում Հայաստանի նախկին նախագահը Թեհրանում հանդիպել է նաեւ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղել է նաեւ Սպահան քաղաքում:
Իրանի պետութեան ղեկավարի եւ արտգործնախարարի հետ Ռոբերտ Քոչարեանի հանդիպումների մանրամասները Վիկտոր Սողոմոնեանը խոստացաւ «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցել այցի աւարտից յետոյ:
Ռոբերտ Քոչարեանի եւ Մանուչեհր Մոթաքիի հանդիպման վերաբերեալ հաղորդագրութիւն է տարածել Tehran Times օրաթերթը, որի փոխանցմամբ` քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Ըստ իրանական պարբերականի, Մոթաքին հանդիպման ժամանակ ասել է, որ «Կովկասի կայունութիւնը եւ անվտանգութիւնը հարկ է ամրապնդել տարածաշրջանային մօտեցումով», իսկ խօսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին` յայտարարել է, թէ «այդ խնդիրները բխում են Երկրորդ աշխարհամարտից յետոյ սահմանւած` աշխարհի կառավարման կոռումպացւած համակարգից»։
Ռոբերտ Քոչարեանը, իր հերթին, ասել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցութիւնը Իրանի հետ։ Բացի այդ, ըստ Tehran Times-ի, նա նոյնպէս խօսել է տարածաշրջանում անվտանգութեան եւ տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մօտեցումներով առաջնորդւելու անհրաժեշտութեան մասին, ասելով, թէ «Կովկասի ճգնաժամերը կարգաւորելու` օտար տէրութիւնների դեղատոմսերը վնասակար են»։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: