ԵՀՀ.– Թուրքիան վաւերացումը կապում է նախապայմանների հետ



09:07 / 20.01.2010
Հայ մտաւորական եւ լրագրող Հրանտ Դինքի` թուրք ծայրայեղականների կողմից սպանութեան երրորդ ամեակի եւ Հայոց Ցեղասպանութեան 95-րդ ամեակի առթիւ, Եւրոպայի Հայկական Համագումարն իր ջերմ շնորհակալութիւնն է յայտնել համայն առաջադէմ մարդկութեանը, մանաւանդ՝ եւրոպական շուրջ տասնեակ պետութիւններին, կառոյցներին եւ քաղաքական կուսակցութիւններին, որոնք ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը եւ բռնի տարագրութիւնը, ցաւակցել եւ զօրակցել են Հայ ժողովրդին` իր դէմ իրագործւած դաժանութեան համար:
Կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ յիշատակւում է 2007 թ. Յունւարի 19-ին, Պոլսում հրատարակւող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի` իր խմբագրատան առջեւ կատարւած սպանութիւնը մի ծայրայեղականի միջոցով, որ դա պատահական սպանութիւն չէր: «Դինքը, մարդու եւ ազգութիւնների դեմոկրատական իրաւունքները պաշտպանելու պատճառով, Թուրքիայի սահմանադրութեան տխրահռչակ 301-րդ յօդւածը խախտած լինելու համար, այն է` „թուրքերին վիրաւորած լինելու“ մեղադրանքով, բազմիցս աղմկարար դատավարութիւնների ենթարկւեց: Թուրքիայում, փաստօրէն, ծայրայեղականութիւնը պետականօրէն բորբոքւում եւ քաջալերւում է ամէն օր:
Թուրքիան ցանկանում եւ յաւակնում է դառնալ եւրոպական երկիր եւ Եւրամիութեան անդամ` շարունակաբար խոստանալով դրական եւ լուրջ քայլեր նախաձեռնել եւրոպական չափանիշներին մօտենալու համար»,- նշել են յայտարարութեան հեղինակներն ու աւելացրել. "Թուրքիան նոյնիսկ յանդգնում եւ քննադատում է Եւրամիութեանը, այն «Քրիստոնէական ակումբի» վերածելու մեղադրանքով, մինչդեռ երկրում շարունակւում է բիրտ հալածանքը հայերի, յոյների, ասորիների եւ այլ ազգութիւնների նկատմամբ: Պատահական չէր, որ Պոլսի Տիէզերական պատիրիարքը, վերջերս, ի լուր աշխարհի, յայտարարեց եւ կրկնեց, որ քրիստոնեա փոքրամասութիւնները «Քրիստոսի նման խաչւում են Թուրքիայում»:
Ըստ յայտարարութեան հեղինակների՝ պատահական չէ նաեւ, որ Թուրքիայի լարւածութիւնը չի պակասում իր հարեւան երկրների հետ. «Թուրքիան տքնաջանօրէն քարոզչութիւն է կատարում, թէ „անում է պահանջւածից աւելին“, որ իբր հարեւանների հետ յարաբերութիւններ է կարգաւորւում եւ փորձում է „զրօ“-ի հասցնել նրանց հետ ունեցած հարցերը, սակայն թուրքական սայլը տեղից չի շարժւում»:
ԵՀՀ-ն նշում է, որ Թուրքիան, որ յամառօրէն խուսափում է Հայոց Ցեղասպանութեան պատասխանատւութիւնից, միջազգային օրէնք խախտելով, շուրջ քսան տարի է արդէն, ծովային ելք չունեցող Հայաստանին շրջափակման է ենթարկել: «Վերջին ամիսների ընթացքում, Թուրքիան, միջազգային հովանավորութեամբ եւ երաշխաւորութեամբ, նախարարական մակարդակով, Հայաստանի հետ ստորագրեց միջպետական համաձայնագիր, սակայն, քիչ ժամանակ անց, Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը սկսեցին յայտարարութիւններ կատարել իրենց ձեռամբ իսկ ստորագրած համաձայնութիւնների դէմ` դրանց վաւերացումը պայմանաւորելով չնախատեսւած եւ չհամաձայնեցւած նոր նախապայմաններով: Նման անսկզբունքային եւ անպատասխանատու մօտեցումը ոչ միայն աղէտաբեր է հարեւան երկրների կամ Եւրոպայի համար, այլ հենց Թուրքիայի բնակչութեան համար»,- ասւած է յայտարարութեան մէջ:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: