Վրացական իշխանութիւնները շարունակում են Հայ գործիչների հետապնդումները



12:46 / 21.01.2010
Վրացական իշխանութիւնները նոր դատավարութիւններ են նախաձեռնել ջաւախքահայ քաղաքական ակտիւիստներ Գուրգէն Շիրինեանի եւ Արամ Բատոյեանի նկատմամբ:
«Երկիր» միութեան տարածած հաղորդագրութեան համաձայն՝ 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակայ կարգով երեք տարւայ ազատազրկման դատապարտւեց Գուրգէն Շիրինեանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանութեան աշխատակիցների նկատմամբ խուլիգանութիւն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունւել է նրա նկատմամբ արդէն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն ընդունւել էր նոյնպէս հեռակայ կարգով դեռեւս 2008թ. դեկտեմբերին:
Ներկայում նաեւ ընթանում է ջաւախքահայ քաղաքական ակտիւիստ Արամ Բատոյեանի նկատմամբ հեռակայ դատավարութիւնը, որը Ջաւախքի երիտասարդական մարզամշակութային միութեան (կազմակերպութեան ղեկավարը Վահագն Չախալեանն է) կենտրոնի տնօրէնն էր: Նրան վրացական իշխանութիւնների կողմից մեղսագրւում է ՋԵՄՄ-ի շէնքում զէնք պահելը, որն իբր յայտնաբերւել էր 2008թ. յուլիսի 21-ի խուզարկութեան ընթացքում:
«Երկիր» միութիիւնը գտնում է, որ ջաւախքահայ քաղաքական գործիչների նկատմամբ այս նոր հեռակայ դատավարութիւններն ուղղւած են ամրապնդելու Ջաւախքում տիրող պետական ահաբեկչութեան ռեժիմը, ինչպէս նաեւ ջաւախքահայութեան մէջ առկայ վախի տրամադրութիւնները:
Հաւի առնելով վերոնշեալը՝ «Երկիր» միութիւնը պահանջում է վրացական իշխանութիւններից՝
1. Անյապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. Յուլիսի 17-21-ի դէպքերի նոր անաչառ հետաքննութիւն.
2. Վերանայել ջաւախքահայ քաղաքական գործիչների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունւած բոլոր մեղադրական դատավճիռները.
3. Դադարեցնել ջաւախքահայ գործիչների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները:
Կազմակերպութիւնը նաեւ կոչ է արել միջազգային կազմկերպութիւններին եւ Վրաստանում հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացչութիւններին ուշադրութիւն դարձնել Ջաւախքում ծաւալւող իրադարձութիւններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանութիւնների վրայ՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: