ԴԻՏԱՆԿԻՒՆ

Անհրաժեշտ են գործնական քայլեր


Ստորեւ հրատարակում ենք Հ. Յ. Դ. Արցախի Կենտրոնական կոմիտէութեան «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագրականը, որի արծարծած հարցը այս նոր տարում մեր ազգային օրակարգի առաջնահերթ խնդիներից մէկը պէտք է դառնայ:Պէտք է դառնայ ոչ միայն խօսքով, այլ, ինչպէս շեշտւած է խմբագրականում, գործնական, նպատակասլաց քայլերով:
Տարբեր ժամանակահատւածներում, զանազան քաղաքական իրադարձութիւնների առնչութեամբ, արւում են յայտարարութիւններ կամ լրատւամիջոցներով հրապարակւում են քաղաքական գործիչների մտքեր:Իհարկէ, իւրաքանչիւր արտայայտութիւն կամ մտքի բացայայտում ունի իր կարեւորութիւնը եւ տւեալ ժամանակահատւածում արտացոլում է պետութեան, իշխանութեան կամ հասարակական շրջանակների դիրքորոշումները:
Իսկ այս դիրքորոշումները, ըստ էութեան, միայն խօսքեր են, իսկ պետութիւնը, հիմնականում ելնելով այդ դիրքորոշումներից, իր համակարգային կառուցւածքը կերտում է գլխաւորապէս օրէնքներով:
Վերը նշւած օրինաչափութիւնը տիրական է քաղաքական դաշտում եւ, բնականաբար, Արցախը, Արցախեան հիմնահարցը եւ հայ իրականութիւնը եւս դուրս չեն այս քաղաքական խաղի օրէնքներից:2009 թւականի ամռանը հրապարակւեցին Մադրիդեան սկզբունքները: Արցախի իշխանութիւնները, ինչպէս նաեւ քաղաքական եւ պետական գործիչներ, արտայայտեցին իրենց տեսակէտները՝ անընդունելի եւ մեր պետական ու ազգային շահերին հակասող համարելով դրանք:
Սակայն, պէտք է ընդունենք, որ գործնական իմաստով մեր քայլերը Մադրիդեան սկզբունքների կազմաքանդման կամ անիրականանալի դարձնելու համար համարժէք չեն: Պէտք է խոր գիտակցենք, որ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների հեւքը եւ ժամանակի սլաքը չեն սպասում եւ եթէ յապաղենք, հարցերը կարող են զարգանալ մեր կամքից եւ ազդեցութիւնից անկախ:
Աւելի յստակեցնենք. հարցը վերաբերւում է ԼՂՀ-ի վերաբնակեցմանը: Ինչ անւանում էլ որ հարցը կրի՝ հայրենադարձութիւն կամ ժողովրդագրական իրավիճակ, մեզ համար ե՛ւ հասկանալի, ե՛ւ շօշափելի է վերաբնակեցում հասկացութիւնը: Ինչպէս ասում են՝ իրերը կոչենք իրենց անուններով:
Այն, որ վերաբնակեցման նոր հայեցակարգի մշակումը եւ դրանով առաջնորդումը անհրաժեշտութիւն է, ոչ ոք չի կասկածում, բայց որ այդ ուղղութեամբ պրպտումները դեռ գործնական արդիւնքներ չեն տալիս, եւս փաստ է:Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատգամաւորական խմբակցութեան պնդումների արդիւնքում, 2010 թւականին ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը յատկացւած միջպետական յատկացման մէջ աւելացւել է 2 միլիարդ դրամ՝ ԼՂՀ-ի «վերաբնակեցման» նպատակով:
Սակայն, ելնելով քաղաքական ենթանպատակներից, Հայաստանը չի համարձակւում յստակօրէն նշել, թէ այդ գումարն ինչի համար է յատկացրել: ԼՂՀ-ի 2010 թւականի բիւջէում եւս, թէեւ վերաբնակեցւող շրջաններին ակնառու կերպով առաւել յատկացումներ են տրամադրւած, սակայն դարձեալ չի հնչւում որեւէ տեղ, որեւէ տողով «վերաբնակեցում» բանալի բառը:
Հարցին պէտք է նայել խորքային իմաստով. այսօր վերաբնակեցումը շեշտելով եւ վերաբնակեցումը գործնական հողի վրայ շօշափելի դարձնելով՝ մենք ձեռք ենք բերում քաղաքական նւաճում: Մի խօսքով՝ մեր հակամադրիդեան կեցւածքը վերածում ենք գործնականի: Թող միջազգային ուժային կենտրոնները, ինչպէս եւ ինչքան ուզում են յորջորջեն՝ «գրաւեալ տարածքներ», «Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւն» եւ նմանատիպ այլ բառակապակցութիւններ, վերաբնակեցմանը ճիշտ մօտեցում ցուցաբերելով՝ մենք ապացուցում ենք, որ մենք ենք այս երկրի տէրը եւ ինչպէս կուզենք՝ կը տնօրինենք այն:

0 Պատգամ: