Շառլ Ազնաւուրը օգնութեան ձեռք է մեկնում Հայիթիին


19.01.2010
Հեղինէ Բունիաթեան
Աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրը առաջիկայ ուրբաթ օրը ֆրանսիացի մօտ մէկ տասնեակ այլ յայտնի երաժիշտների հետ կը ձայնագրի նոր երգ, որը կոչւում է «Յանուն սիրելի Հայիթիի»: Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրէս» լրատւական գործակալութիւնը:
Ֆրանսիական հեռուստաալիքները խոստացել են լայնօրէն գովազդել եւ ցուցադրել այդ տեսահոլովակը, որը կոչ է անելու աշխարհին օգնութեան ձեռք մեկնել հզօր աղէտից տուժած հազարաւոր մարդկանց:
«Ես մի շարք աղէտների ականատես եմ եղել` Իտալիայում, Հայաստանում, Թուրքիայում, տեսել եմ երկրաշարժից տուժած երկրներ, որտեղ արհաւիրքից փրկւածները կարողացել են դիմակայել եւ օգնութեան ձեռք մեկնել աղէտի կենտրոնում յայտնւած շրջաններին: Հայիթիում, սակայն, ողջ երկիրն է գտնւում սարսափելի աղքատութեան մէջ, եւ մենք ուղղակի պարտաւոր ենք օգնել նրանց», - յայտարարել է Ազնաւուրը:
Աշխարհահռչակ երգչի այս կոչին միացել են շուրջ չորս տասնեակ ֆրանսիացի փոփ աստղեր, որոնցից իւրաքանչիւրը մէկ տող է նւիրել արհաւիրքից տուժածներին: Այդ տողերից էլ ծնւել է «Յանուն սիրելի Հայիթիի» երգը:
«Աշխարհը ձեզ հետ է», - իրենց հերթին դիմելով Հայիթիի բնակիչներին` յայտարարում են Հոլիվուդի աստղերը:
Առաջիկայ ուրբաթ, երբ ֆրանսիացի երգիչները կը ձայնագրեն իրենց նոր երգը, Միացեալ Նահանգներում հեռուստամարաթոն կանցկացնեն ամերիկեան աստղերը:
«Յոյս Հայիթիին»` այսպէս է կոչւում հանրահայտ դերասան Ջորջ Կլունիի նախաձեռնութեամբ կազմակերպւած մարաթոնը, որին կը մասնակցեն աշխարհահռչակ Բոնոն, Սթինգը, Քրիստինա Ագիլերան եւ էլի տասնեակ այլ հանրայայտ երաժիշտներ եւ դերասաններ:
«Հայիթին աշխարհի ամենաաղքատ պետութիւններից մէկն է, որտեղ ամենափոքր օգնութիւնն անգամ կարող է մեծ բան փոխել», - յայտարարում են նախաձեռնութեան հեղինակները:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: