Արծւիկ Մինասեան.– Ճգնաժամի յաղթահարումը տեղի կունենայ 2012-ի կէսերին կամ նոյնիսկ աւարտին
17:34 / 01.01.2010
«2009 թւականի տնտեսական տարին աչքի ընկաւ կառավարութեան կողմից ներկայացւած կանխատեսումների չիրականացմամբ, այդ թւում նաեւ այն պնդումը, թէ միջազգային ճգնաժամի ազդեցութիւնը մեծ չի լինի Հայաստանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, տնտեսագէտ Արծւիկ Մինասեանը:

«Ինչ վերաբերում է 2010 թւականի համար կանխատեսումներին, ես կը դժւարանամ յստակ բան ասել: Միայն նշեմ, որ ճգնաժամի յաղթահարումը աւելի կը հետաձգւի, քան կանխատեսում են Հայաստանի իշխանութիւնները: Այլ կերպ ասած՝ դա տեղի կունենայ 2012 թւականի կէսերին կամ նոյնիսկ աւարտին: Կարծում եմ, որ 2010 թւականին տնտեսական անկումը կշարունակւի»,- նշեց պատգամաւորը:
Հարցին, թէ ինչպիսի՞ն էր ՀՀ արտաքին քաղաքականութիւնը 2009 թւականին, եւ որոնք էին ձեռքբերումներն ու ձախողումները, Ա. Մինասեանն արձագանքեց միայն ձախողումների մասով, քանի որ 2009-ին ձեռքբերում արտաքին քաղաքականութեան մէջ նա չի տեսնում: «Ամենամեծ ձախողումը Հայ-թուրքական յարաբերութիւններում զարգացումներն էին, որոնք յանգեցրեցին սեղանին դրւած արձանագրութիւններին: Իշխանութիւնները փաստօրէն շեղւել են յայտարարւած արտաքին քաղաքականութեան ուղենիշներից եւ ներքին քաղաքականութեան ուղենիշներից եւս»,- ասաց նա ու յաւելեց. «Մենք պէտք է ձգտենք, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականութիւնը լինի առաջին հերթին ներքին կեանքում՝ ազգաբնակչութեան կենսապայմանների բարելաւման ուղղութեամբ, իսկ արտաքին յարաբերութիւններում լինենք աւելի կշռադատւած եւ աւելի ճիշտ հաշւարկներ կատարենք: Սա ըստ էութեան ցանկութիւն է, ոչ թէ կանխատեսում, իսկ կանխատեսում անել դժւարանում եմ»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment