«Իսկ Մեր Որդիները Զոհեր Չէի՞ն»


ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ


"Անձամբ` "մարտի 1-ի էջը փակող" Աբրահամեան Յովիկին, Յարութիւնեան Դաւիթին, Նաղդալեան Հերմինէին, Շարմազանով Էդւարդին, Նիկոյեան Սամւէլին, "մարտի 1-ի" ժամանակաւոր յանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկոյցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թէ մեր որդիների սպանութիւնների "էջը շրջւած է...":
Մենք` "մարտի 1-ի" զոհերի հարազատներս, վերոնշեալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թէ "մարտի 1-ի էջը փակւած է"... Քաջ հասկանում ենք` դա ձեր, և առհասարակ` իշխանակիրների փափագն է: Ուզում եք Նոր տարւայ օրերին "միախառնելով"` հասարակութեանը "մատուցէք", թէ "հարցը լուծւած է":
Հաւանաբար, փորձում էք շուտ ազատւել այդ "գլխացաւանքից"` գալիք ընտրութիւններին անմեղի կարգավիճակով մասնակցելու համար: Չէք յաջողւի, չենք հանդուրժի, ու վստահ ենք` գէթ այդ խնդրում հասարակութիւնը միակամ է ու զօրաւիգ է մեր` սպանւածների իրաւայաջորդներիս ԴԱՏԻՆ...
Իսկ մենք համոզւած ենք, որ "մարտի 1-ն" ԱՆՑՈՂԻԿ ՉԷ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարւող Եւրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարւող Հայաստանում մեզ` ծնողներիս, ու Հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործութեան ամբողջական բացայայտումը և բոլոր մեղաւորներին խստագոյն պատժի ենթարկումը ԵՐԻՑՍ ԱՐԴԱՐ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Եւ հաւատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը աջակից արձագանք է գտնում անվախ ու արժանապատիւ բոլոր հայ մարդկանց սրտերում:

Ի գիտութիւն ձեզ.
Չբացայայտւած իւրաքանչիւր յանցագործութիւն ծնում է մի քանի ոճիր, չպատժւած իւրաքանչիւր յանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի: Յիշէ°ք այն բարձրաստիճան պաշտօնեաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրութիւնների կեղծմանը, մարդկանց իրաւունքների բռնացմանը, անկախ դատարան հասկացութեան յուղարկաւորմանը` հետագայում հէնց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, յանցածին համակարգին... Լաւ յիշէք:
Ասում էք` ՙՄարտի 1-ի էջը փակւած է՚, ՙԱմէն մարդ իր արարքների համար է պատասխանատու՚, ՙԻ տխրութիւն զոհերի հարազատների և ընդդիմադիրների` մարտի 1-ի էջը փակւած է՚... Որքան հեշտ էք արտասանում այդ խօսքերը, ինչքան հանգիստ ու անխռով: Նաև այդպէս եք ցոյց տալիս, որ ծնողներիս ՑԱՒՆ ՈՒ ՎԻՇՏԸ ձերը չեն, օտար են, ՙբեռ՚ են ձեզ համար... ՙԶեկոյցներ՚ էք պատրաստում, Եւրոպայում ինչ-որ իրաւական հիմնաւորումներ ներկայացնում... Ձեր այդ վերաբերմունքին մէկ ու ճշմարիտ գնահատական կայ` փորձում էք կոծկել յանցագործութիւնը, պարտակել` մեղաւորներին, նշանառու ոստիկաններին, իշխանութեան հաւատարիմ մարդասպաններին:
Դրանով էք ՄԵՂՍԱԿԻՑԸ դառնում ոճրագործութեան, դրանով և` ձեր վախով, անտարբերութեամբ, անսրտութեամբ...
Հրամայել էր` 20 օր արտակարգ դրութիւն. որ` ի՞նչ, քրիստոնեա զաւակներիս արի՞ւնը մարսէին... Այցելեց միայն մէկ զոհի հարազատներին` ցաւակցութեան. իսկ մեր որդիները զոհե՞ր չէին, մեր լացն ու ողբը ծնողակա՞ն չէր:
Պետութիւնը դարձրել էք գանձարան` դանայան տակառի պէս ձեր անկուշտ ընչաքաղցութեան համար, երկիրը` մահկանացուներիս կեանքի կազինօ ու խորովածանոց, ժողովրդին համարում էք լոկ ձեր ստնտուն, իրաւապահ համակարգն էլ օգտագործում էք որպէս վահան ու մահակ...
Շատ խօսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացու... Ու դեռ` կասենք: Բայց հիմա Նոր տարի է, մեզ համար` հին 2008...: Ձեր ապագայ արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայութիւն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրաւական-քաղաքացիական Հայաստանում, որպէսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը ՙի կատար ածելու՚ հայրենակիցների դէմ: Ամանորին` մեր պետութեանը մաղթում ենք - օրէնք, իրաւունք, արդարուիւն":
Մարտի 1-ի որդեկորոյս ծնողներ`
Զոհւած զինւոր Տիգրան Աբգարեանի մայր` Ռուզաննա ՅարութիւնեանԶոհւած Տիգրան Խաչատրեանի մայր` Ալլա ՅովհաննիսեանԶոհւած Գոռ Քլոյեանի հայր` Սարգիս ՔլոյեանԶոհւած Արմէն Ֆարմանեանի հայր` Վաչագան ՖարմանեանԶոհւած Դաւիթ Պետրոսեանի մայր` Ջեմմա ՎարդումեանԶոհւած Յովհաննէս Յովհաննիսեանի այրի` Լիլիա ՄինասեանԶոհւած Սամւէլ Յարութիւնեանի հայր` Ռուբէն Յարութիւնեան


«Ա+1»

0 Պատգամ: