Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին
Բաց նամակ՝ քաղաքակիրթ մարդկութեանը



Այս յօդւածը գրել եմ Հրանտ Դինքի սպանութիւնից անմիջապէս յետոյ:
Յօդւածը գրւած է օտար ընթերցողի համար ու իր մէջ ինչ-որ տեղ բաւականաչափ տեղեկատւութիւն է պարունակում, թարգմանւած է անգլերէնի՝ Ամերիկայում ապրող մեր հայրենակից Դանիէլ Ջանոյեանի կողմից:
Անգլերէն տարբերակը ես ուղարկել եմ ամերիկեան, անգլիական, ֆրանսիական ու թուրքական գրեթէ բոլոր հեղինակաւոր թերթերին, «Լրագրողներ՝ առանց սահմանի» կազմակերպութեանը, յայտնի հետաքննող լրագրող Ռաբըրտ Ֆիքսին, որը յաճախ է խիզախօրէն վեր հանում ճշմարտութիւնը՝ Հայոց Մեծ Եղեռնի մասին:Մոռացայ գրել, որ ուղարկել եմ նաեւ Բուշին ու ստացել պատասխան:
Ահա այն նամակը, որ ես ստացել եմ Հրանտ Դինքից իր մահից մի քանի օր առաջ, իմ Ս. Զատկի ու Ամանորի շնորհաւորանքին ի պատասխան.«Սոնա,Գրչիդ խօսքերը սրտիս խօսքերէն կու գան:
Գիտցիր, որ ամէն ինչին վերջ կայ եւ մեր Հայ Դատին ճշտումն ալ ու վերջաւորութիւնը մեր իրաւունքով պիտի վերջանայ: Մենք պիտի յաղթենք, այո՛... Հրանտ Դինք»:Կարծում եմ՝ շատերին է յուզում այս հարցը՝ ո՞վ սպանեց Հրանտ Դինքին...Ամէն ոք իւրովի է բացատրութիւն փնտրում, բայց կարծեմ այս հարցին պատասխանելու համար չպէտք է լինել քաղաքագէտ, լրագրող, մեկնաբան, դիւանագէտ կամ... Հրանտ Դինքը դարձաւ թուրքական կառավարութեան մերժողական, ուրացման քաղաքականութեան զոհը, իսկ եթէ աւելի խորն ուսումնասիրենք ու բացենք փակագծերը, ես կասէի՝ նա դարձաւ աշխարհի ստոր, կեղտոտ, անարդար ու կողմնապահ խաղի զոհը:
Նա պատկանում էր մարդու այն տեսակին, որ չէր տառապում մորթիապաշտութեան բարդոյթով, ազատ էր իր տեսակէտները հրապարակայնօրէն արտայայտելու, իրերն իրենց անունով կոչելու, պայքարում էր, որ թուրքական կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան փաստը աշխարհին ու սեփական ժողովրդին խեղաթիւրւած չներկայացւեն:
Թուրքիայի կառավարութիւնը չդիմացաւ Հրանտ Դինքի Հայոց Ցեղասպանութեան հիմնաւորւած, առանց աւելորդ բարդութիւնների, յստակ ձեւակերպւած ցեղասպանութեան ՀՐԱՆՏԵԱՆ բանաձեւին. «Մի ժողովուրդ, որ 4000 տարի ապրել է իր հարազատ հողի վրայ, այդ ժողովրդին թէկուզ ոսկէ օդանաւերի մէջ դնես ու ապահով տեղափոխես մի ուրիշ վայր, դարձեալ դա ցեղասպանութիւն է, քանզի այդ ժողովրդին արմատէն կտրած են, էլ չեմ ասում 1,5 միլիոն անմեղ մարդկանց գազանաբար ոչնչացումը»:
Սա մի բանաձեւ է, որ քննարկումների կարիք չունի ու ոսկորի նման կանգնել էր Թուրքիայի կոկորդին, այդ պատճառով էլ նա անցանկալի էր թուրքական կառավարութեան համար, հետապնդման մէջ էր 301 յօդւածով, որը Դամոկլեան սրի նման կախւած էր ոչ միայն Հրանտ Դինքի գլխին, այլ նաեւ թուրք գրող Օրհան Փամուքի, Էլիֆ Շաֆաքի, պատմաբան Թաներ Աքչամի, ամերիկացի ակադեմական Հաում Չամուքի ...տասնեակ հրատարակիչների, լրագրողների, գրողների գլխին:Անհատականութիւններ, ովքեր համարձակւում են կանգնել թուրքական տաբուի դէմ, ովքեր ազնիւ են իրենց խղճի ձայնի հետ, ովքեր, թերեւս, ամենաշատն են ուզում թուրքական պետութեանը տեսնել անցեալի բեռը թօթափած, ու նոր, մաքուր էջից կերտել դեմոկրատական, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետութիւն:
Թերեւս նրանք են թուրք ժողովրդի իսկական բարեփոխիչները՝ ազատ խօսքի անխոնջ ջահակիրները: Այդ ճանապարհին նահատակւեց Հրանտ Դինքը:Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիէ Չեթինի մամլոյ ասուլիսից.«Հրանտ Դինքը Թուրքիայի աղաւնին էր, եւ այդ աղաւնուն անխղճօրէն սպանեցին»:Դինքի սպանութեան պատասխանատւութեան կրողները պէտք է լինեն ոչ թէ, այսպէս ասած, ոմն անչափահասներ, այլ հէնց իրենք՝ կառավարութեան անդամները:
Այս բեմականացւած յուղարկաւորութիւնը չի կարող փոխել մեր կարծիքն առ այն, որ հէնց կառավարական մակարդակով է ողջ աշխարհում խեղաթիւրւում «Հայոց Ցեղասպանութեան» իրողութիւնը, այդքան էլ հեշտ չէ մի քանի անչափահասների «բանտարկելով» մեր աչքերին թոզ փչել: Մի թարմ վաւերացնող փաստ Բրիտանիայում հրատարակւող «Մոռնինգ սթար» թերթի յունւարի 26-ի համարից. «Եկէք ընդունենք, որ թուրքական ժողովրդավարութիւնը հիմնւած է ստի, Հայոց Ցեղասպանութեան հերքման վրայ: Նոյնիսկ Թուրքիայի ներկայ սահմանները հիմնւած են այդ ցեղասպանութեան հերքման վրայ»:
Թուրքիան պետականօրէն խրախուսում է ( 301 յօդւած) ազգայնամոլութիւնը՝ դպրոցական դասագրքերից սկսած, բուհական հաստատութիւններում, հեռուստատեսութեամբ ու մամուլով, ուրացման, ժխտողական, հայատեաց քարոզչութեամբ. հարց է ծագում՝ այդ քաղաքականութեամբ ո՞ւր է տանում իր ժողովրդին՝ ժողովրդավարութի՞ւն, դեմոկրատական արժէքնե՞ր, Եւրոպա՞... քաւ լիցի:Ազգայնամոլութիւնն ու այլատեացութիւնը Թուրքիայում դարձել են ապրելաձեւ:Ազգայնամոլները, պետականօրէն աջակցութիւն գտնելով, ամենուրեք աշխարհին մոլորեցնող ստեր յօրինելով, խեղաթիւրւած հակափաստարկներ հրամցնելով, հեղինակութիւններ են փնտրում այն պետութիւններում, որտեղ փորձում են անդրադառնալ Հայոց Ցեղասպանութեան թեմային, որպէսզի դիմակայեն:
Հեղինակութիւններ են փնտրում Ամերիկայի վերին օղակներում, օգտագործում հրէական լաբբին... ամէն միջոցի դիմում՝ ճշմարտութիւնը կապանքների մէջ պահելու համար, սակայն, այնուամենայնիւ, շատ զօրեղ է հայկական յաղթաթուղթը. թուրքի հրից, սրից մի հնարքով փրկւած աշխարհասփիւռ հայութիւնն է ու նանսէնեան այն անձնագրերը, որոնք հնարաւորութիւն տւեցին հայ գաղթականներին գոյատեւել օտար ափերում, հայրենի հող ու ջրի կարօտը սրտներում՝ երբեք չկարողանալով համակերպւել 1,5 միլիոն հայ նահատակների սուրբ յիշատակը մոռացութեան տալու մտքի հետ, որոնցից շատերի ոսկորները դեռ արաբական Դեր Զորի անապատներում բաց երկնքի տակ են ու այնտեղից իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, պահանջում են արդար դատաստան, պատռում են քողը դաժան լռութեան:
Այո՛, Դեր Զորն ամօթն է արար աշխարհի:Այսօր թերեւս կամաց, բայց սառոյցը ճաք է տալիս, շատ խորհրդարաններ ընդունում են Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը՝ հակառակ թուրքական այն բլեֆ-թէզի, թէ «Պատմութիւնը թողնենք պատմաբաններին», ու հաստատում այն զարհուրելի իրողութիւնը, որ 1893-1923 թթ.՝ շուրջ երեսուն տարի անընդմէջ, հայ ժողովուրդը Սոդոմ-Գոմոր ապրեց, անցաւ դժոխքի միջով:
1915 թ. ապրիլի 24-ին միայն մի գիշերւայ մէջ Պոլսում (Ստամբուլ) հաւաքեցին մեր 700 մտաւորականներին ու գազանաբար սպանեցին: Ի պատիւ նրանց՝ ամէն տարի ապրիլի 24-ը նշում ենք որպէս Հայոց Մեծ Եղեռնի օր, քանզի այդ օրը հայ ժողովուրդը զրկւեց իր մտաւորականութիւնից: Իրականացաւ Օսմանեան կայսրութեան դիւային ծրագիրը՝ «Հայաստանը՝ միայն առանց հայերի»:
Մարդկային անտարբերութիւնը յանգեցրել է մի իրավիճակի, որ խստագոյնս չեն արձագանգում մեր շուրջ կատարւող արիւնահեղութիւններին, անարդարութիւններին, բռնութիւններին..., որպէսզի Աստծոյ պարգեւած մի հատիկ կեանքը մարդ արարածը արժանապատիւ, ուրախ ու խաղաղ վայելի: Լռութիւնն ու անտարբերութիւնն են ծնում բոլոր յանցագործութիւնները:
1939 թւականին հէնց այդ անպատժելիութիւնը առիթ հանդիսացաւ, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին Լեհաստանի գազախցիկներն ուղարկելուց առաջ՝ արտասանեց Հայոց Եղեռնը հաստատող իր թէզը. «Այսօր ո՞վ է յիշում հայերի ջարդը»: Անջնջելի են մեծ տատիս պատմածները, թէ ինչպէս թուրքերն իր երեք եղբայրներին, կանանց ու երեխաներին հարիւրաւոր համագիւղացիների հետ լցրել են մարագներն ու այրել:
Դուք շնչե՞լ էք մարդկային մսի, ճարպի, ոսկորի այրւած հոտը. ո՛չ, այլապէս՝ կը զգայիք այն վիշտն ու տառապանքը, ինչի միջով անցել է հայը, երբ հայ մանուկներն անօգնական այրւում էին խարոյկի վրայ, երբ հայկական գիւղերն ու քաղաքները ծխում էին, ու երկինքը պատւած էր մարդկային թանձր մխով, իսկ դու ստիպւած ես թաքստոցում թաքնւած շնչել հարազատիդ, որդուդ այրւած մսի հոտը: Աներեւակայելի է, բայց՝ իրողութիւն:
Իրողութիւն, որ հարիւրհազարաւոր հեղինակաւոր մարդիկ են հաստատում՝ Ֆրանց Վերֆէլի «Մուսա Լեռան 40 օրը» գիրքը, անգլիացի լրագրող Ռաբըրտ Ֆիքսի «Առաջին ողջակէզը»... Փաստերն անթիւ են, անթիւ - անհամար, ուղղակի ուզում եմ խնայել ընթերցողի թանկ ժամանակը, բայց հարկ է ներկայացնել մեծ մարդասէր, հայ ժողովրդի բարեկամ, Ամերիկայի 28-րդ նախագահ, Նոբէլեան մրցանակակիր Վուդրօ Թոմաս Վիլսոնի (1913-1921 թթ..) հետեւողական ու աննկուն ջանքերը՝ Հայկական Հարցի ու տարածքների հաստատման գործում:
1920 թ. ապրիլի 25-26-ին «Supreme council of allied and associated powers»-ում ստանձնելով Հայաստանի մանդատը՝ Վիլսոնը 18 պետութիւնների մասնակցութեամբ Միջազգային իրաւունքի Լահէի կոնւենցիայի (1907 թ.) 81-րդ յօդւածով ամրագրեց Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները, եւ 1920 թ. նոյեմբերի 22-ին ստորագրւեց Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճիռը, ուր նախկին Օսմանեան կայսրութեան 103-599 քառ. կմ. տարածքի վրայ ճանաչւում են Հայաստանի Հանրապետութեան տիտղոսն ու իրաւունքները, որն այսօր էլ ուժի մէջ է այնքան, ինչքան ընդունման պահին:Մինչեւ երբ կարելի է ստի, կեղծիքի շղարշի տակ կոծկել Հայոց Եղեռնը:
Այսօր քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ շարունակւում է ցեղասպանութիւնը՝ մշակութային բնագաւառում. Թուրքիայի տարածքում հողին են հաւասարեցւում մեր պատմական արժէքները. մեր հայկական եկեղեցիներին սպառնում է յաւերժական ոչնչացման վտանգը, իսկ կանգուն մնացածները յաճախ դառնում են մզկիթներ:
Թուրքիայից իր գործողութիւններով յետ չմնաց իր փոքր եղբայր Ադրբեջանը. Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջանները, լինելով հազարամեայ զուտ հայկական բնակավայրեր, խորհրդային կարգերի օրօք բռնակցւեցին Ադրբեջանին, նրանք, որ լաւ մասնագիտացել էին տարածքների թալանի արւեստում, նախքան Խորհրդային Միութեան փլուզումը հայաթափեցին Նախիջեւանը, իսկ ղարաբաղցին, որին նոյն բախտն էր վիճակւած, խորհրդային կարգերի փլուզումից յետոյ՝ միւս հանրապետութիւնների հետ հանրաքւէի ճանապարհով Ադրբեջանից առաջ հռչակեց իր անկախութիւնը, որի համար ստիպւած եղաւ մղել չյայտարարւած պատերազմ եւ ուժերի անհաւասար պայքարում յաղթել, թէեւ աշխարհը նորից երկակի խաղերի է դիմում՝ կառչելով տարածքային ամբողջականութեան իր հնացած, հնաոճ գաղափարից՝ այդ ճանապարհին ի չիք դարձնելով ազգերի ինքնորոշման իրաւունքը: Ո՞ւմ են պէտք այն օրէնքները, որ բոլորին հասանելի չեն եւ թղթի վրայ են միայն գեղեցիկ հնչում:
Ե՞րբ պէտք է վերանան խարդաւանքները՝ աշխարհում: Արդիւնքում՝ մենք վաստակեցինք մեր երկրորդ թշնամուն, որն ամէն կերպ փորձում է նմանւել, դեռ մի բան էլ յետ չմնալ իր մեծ եղբօրից՝ Թուրքիայից:2004 թ. փետրւարի 19-ին ողջ քաղաքակիրթ մարդկութիւնը բախւեց մի սահմռկեցուցիչ իրողութեան՝ Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի հովանու տակ անգլերէնի դասընթացների մասնակցող հայ սպայ Գուրգէն Մարգարեանին, անկողնում քնած, կացնով գլխատեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում «ազգային հերոս» տիտղոսի արժանացրին:
Աշխարհը լուռ էր, քարի էր նման, ինչպէս դրան յաջորդող 2005 թ., երբ Նախիջեւանի տարածքում հիմնայատակ ոչնչացւեցին վաղ Միջնադարից մնացած մեր հազարաւոր անգին գոհարները՝ Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերը, եւ չգտնւեց այն ձեռքը, որ կանգնեցնէր այս վանդալիզմը: Ցաւով եմ գրում այս տողերս. նրանք դարձան քար աշխարհի, կոյր աշխարհի նահատակները:
Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մենք հողին ենք յանձնում 1,5 միլիոն + 1 նահատակին, ՄԱԿ-ի Ընդհ. ժողովը Հոլոկոստի ժխտումը դատապարտող բանաձեւ է ընդունում: Խանդով ու վիրաւորանքով եմ ընդունում այս կողմնակալ որոշումը, որը շրջանցում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը, իմ ազգի՝ 1,5 միլիոն հայ ժողովրդի ոճրական սպանդը, իմ ժողովրդի պատմական հայրենիքի թալանը: Այստեղ են ասել. «Տէրովին տէրն է տարել, անտէրին՝ գէլը»: Շահն է այսօր թագաւորում, աշխարհը դարձել է ջունգլի, ուժեղը թոյլին յօշոտում է գազանի պէս տանջալի:
Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, ոչ միայն թուրքական կառավարութեան դէմ, այլ նաեւ՝ համայն աշխարհի, ովքեր ելնելով շահադիտական նկրտումներից՝ հաճոյանում են Թուրքիային եւ նրա փոքր եղբօրը՝ Ադրբեջանին, որոնք օղակի մէջ առած ճզմում են, շրջափակում բոլոր սահմանները, որպէսզի տնտեսապէս քայքայւի Հայաստանը:
Դիմում եմ համայն քաղաքակիրթ մարդկութեանը եւ առանձնապէս Թուրքիայի դաշնակից ու հովանաւոր Ամերիկային, որն աշխարհի ղեկն է պահել իր ձեռքում ու խօսում է ժողովրդավարական արժէքներից, ինչո՞ւ է երկակի չափանիշերով ղեկավարում աշխարհը, ու այս ջունգլիական օրէնքի զոհասեղանին է յայտնւել հայ ժողովուրդը, որն ամէն տարի Հայոց Եղեռնի յիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, շունչը պահած՝ սպասում է Ամերիկայի նախագահի ելոյթին, որ գոնէ այս տարի նախագահի շուրթերից դուրս թռչի յստակ «Ցեղասպանութիւն» սահմանումը, ոչ թէ՝ վշտակցական բառերի կոյտ, իբր ցաւակցական ուղերձ:
Նախագահութեան այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ միայն չարտաբերւեց ցեղասպանութիւն բառը, այլ պաշտօնանկ արւեց Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջան Էւանսը, որը համարձակւել էր իրերն իրենց անունով կոչել: Հայ ժողովուրդը, բախւելով անարդարութեան պատին, երբեք չի կորցրել իր հաւատը՝ Հայոց Եղեռնի միջազգայնօրէ ճանաչման ճանապարհին:
Այժմ, երբ դեմոկրատները փայլուն յաղթանակ տարան Ամերիկայի կոնգրեսում, մենք՝ հայերս, մեծ յոյսեր ենք տածում՝ հաւատալով, որ նրանք ամէն ջանք կը գործադրեն‘ վերականգնելու Ամերիկայի խաթարւած հեղինակութիւնը, եւ հետեւողական կը լինեն մարդու հիմնարար արժէքների՝ խօսքի ազատութեան, արդարադատութեան, ժողովրդավարութեան, դեմոկրատիայի ասպարէզում եւ իրենց անաչառ գործունէութեան շնորհիւ՝ իրենց ծանրակշիռ ու վճռական խօսքը կասեն աշխարհում տեղի ունեցող արիւնահեղութիւնների, անարդարութիւնների, մարդու եւ խօսքի ազատութեան վերականգնման գործում, որոնց հասնելու համար՝ պէտք է անկողմնակալ դատապարտւեն աշխարում կատարւած բոլոր ցեղասպանութիւնները՝ սկսած 20-րդ դարի առաջին Հայոց Մեծ Եղեռնից, վերջացրած մինչ օրս այս քաղաքակիրթ դարում տեղի ունեցող ցեղասպանութիւններով, այլ ոչ միայն հրեաների Հոլոկոստը:
Այլապէս՝ վիրաւորական է ցեղասպանութիւն ապրած բոլոր ազգերի համար:Մեր յիշողութեան մէջ թարմ ու անջնջելի են մեր նահատակների սուրբ յիշատակը, մեր պատմական հայրենիքի վերադարձի գաղափարը մեզ պայքարելու ուժ ու կորով է տալիս, պայքարելու մեր ազգին հասցրած վնասը վերականգնելու արդար, ազնիւ ճանապարհով, ճանապարհ, որով քայլում էր Հրանտ Դինքը:
Թերեւս ցանկալի է, որ բոլոր քաղաքական այրերը լաւ ուսումնասիրեն ՄԱԿ-ի կողմից 1948 թ. ընդունւած Ցեղասպանութեան կոնւենցիան եւ որպէս բնաբան՝ ամրագրեն Հայոց Ցեղասպանութեան ՀՐԱՆՏԵԱՆ պարզ ու ազնիւ բանաձեւը: Մեծ հայը ու մարդասէրը՝ Հրանտ Դինքը, որն անցանկալի էր թուրքական կառավարութեան համար ու երկար ժամանակ հետապնդման մէջ էր 301-րդ յօդւածի մի քանի կէտերով, իր հիմնած «Ակօս» թերթի միջոցով, որը տպագրւում էր երեք լեզուներով (հայերէն, թուրքերէն, անգլերէն), պայքարում էր երկրում տիրող այլատեացութեան, փոքրամասնութիւնների իրաւունքի համար, նա փորձում էր իր ազատ խօսքը հասցնել հասարակ ժողովրդին, շօշափում էր մարդու իրաւունքների, խօսքի ազատութեան, ժողովրդավարութեան, իսկական դեմոկրատիայի վեհ գաղափարները:
Իր թերթն օգտագործելով որպէս ամբիոն՝ նա մեծ յոյսեր էր կապում այն բարեկարգումների հետ, որ Եւրոպան պարտադրում էր Թուրքիային, ու փորձում էր հայ-թուրքական երկխօսութիւն կազմակերպել, որ բացւեն սահմանները եւ երկու ժողովուրդներն իրար հետ շփւել կարողանան. նա այս մտքերն էր արտայայտում իր բոլոր հարցազրոյցներում, հեղինակած յօդւածներում, ամենուրեք:
Ահա, հակիրճ կերպով փորձեցի իմ պարզաբանումները տալ տաղանդաւոր գրող, հրապարակախօս, ակադեմական կարգի լրագրող, «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր ու մեծ մարդասէր Հրանտ Դինքի՝ ազնիւ ու քաջ հայորդու եղերական սպանութեան մասին. նոյն ձեռագիրն է, մեզ վաղո՜ւց ծանօթ, անցել ենք մենք այս ճամբով արիւնոտ...
Արդէն շուրջ հարիւր տարի է անցել, բայց թուրքն էութեամբ նոյնն է մնացել...Այս եղերական սպանութեան պատասխանատւութիւնը պէտք է կրեն ոչ թէ բեմականացմանը մասնակից այս մի քանի անչափահասները, այլ հէնց ստի ու կեղծիքի մէջ թաթախւած թուրքական կառավարութիւնը, որոնք պարկուճւած իրենց նախնիների պատեանի մէջ՝ մեծ ճիգեր են գործադրում աշխարհին քաղաքակիրթ, ժողովրդավար ներկայանալու, բայց՝ աւա՜ղ...

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Բրիւսէլ, «Հետք» կայքէջ
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: