«Տաքսի, տաքսի, մինչեւ վերջ»։
Շիրակի եւ Լոռու անհատ տաքսու վարորդները աւելի ընդգրկուն օրէնսդրական փոփոխութիւններ են պահանջում

18.02.2010
Սաթենիկ ՎանցեանՇիրակի եւ Լոռու մարզերի մօտ 500 անհատ տաքսիների վարորդները փետրւարի 18-ին Գիւմրիում կայացած հանրահաւաքի ժամանակ ողջունել են իրենց բողոքներին ընդառաջ՝ ոլորտը կարգաւորող հարկային օրէնսդրութիւնը վերանայելու կառավարութեան առաջարկների մի մասը, սակայն պահանջել են աւելի ընդգրկուն փոփոխութիւններ կատարել՝ հաշւի առնելով իրենց շահերը։
«Մենք էլ ենք փոխզիջումների գնում։ Իշխանութիւնները որոշ փոխզիջումներ արեցին՝ մենք էլ մարդ ենք, հասկանում ենք», - «Ազատութիւն» ռադիոկայանին ասաց վարորդներից մէկը։ - «Նախկինում առաջարկում էինք 2500-3000 դրամ ամսական մուծել եւ ուղեւորափոխադրում կատարել։ Հիմա մեզ մի քիչ զոռ կը տանք, ոչինչ, պատրաստ ենք 3500-4000 դրամի սահմաններում մուծումներ անել, որը տարեկան կը կազմի մօտ 48 հազար դրամ»։
«Մենք կուզենք գոնէ մեր բուխանկեմ հացը աշխատինք՝ մէ հատըմ հաց իրիկունն առնինք, էրթանք տուն՝ էրեխէքս հաց ուտեն», - ամփոփեց մէկ այլ տաքսիստ։
Յունւարին Գիւմրիի անհատ տաքսիների վարորդները դիմում բողոք էին յղել Հայաստանի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւններին, Գիւմրիի քաղաքապետարանին, պահանջելով վերանայել ոլորտը կարգաւորող օրէնսդրութիւնը, եւ զգուշացրել, որ հակառակ դէպքում իրենք ապաստան կը հայցեն այլ պետութիւններից, այդ թւում՝ անգամ Թուրքիայից։
... տաքսի, տաքսի, մինչեւ վերջ ...Այս ամիս Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայութեան պետը երկու անգամ հանդիպել է վարորդներին եւ փոխզիջումների 8 կէտից բաղկացած առաջարկ ներկայացրել։ Այդ առաջարկներն ընդունելու դէպքում վարորդները ստիպւած կը լինեն վճարել տարեկան մօտ 170 հազար դրամ։
Այսօր կայացած հանրահաւաքում տաքսիստները կառավարութեան փոխզիջումներին պատասխան պատրաստեցին։ Ըստ այդմ՝ վարորդների համար կառավարութեան առաջարկներից միայն երեքն են ընդունելի։
Վարորդները հանրահաւաքում ներկայացրեցին իրենց սեփական փոխզիջումային տարբերակը. պատրաստ են հարկերը վճարել միայն ամսական կտրւածքով եւ իրենց առաջարկած գումարի սահմաններում։
Շեշտելով, որ իրենք միահամուռ են եւ վճռական՝ շարունակելու պայքարել իրենց իրաւունքների համար ինչպէս հանրահաւաքներով, այնպէս էլ բանակցութիւնների միջոցով, վարորդները նաեւ ընտրեցին իրենց կարգախօսը՝ «Տաքսի, տաքսի, մինչեւ վերջ»։

0 Պատգամ: