Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Սայեաթ Նովա–Աբովեան խաչմերուկում
(թարմացւած)
16:58 • 19.02.10
Այսօր, երբ բողոքի ցոյցին մասնակցող ՀԱԿ–ի երիտասարդները հասել են Կոնգրէսի շէնքի մօտ, նրանց վրայ են յարձակւել մի խումբ ոստիկաններ և կարմիրբերետաւորներ և ձերբակալել մի խումբ մարդկանց` Արէգ Գէորգեանին, անչափահաս Սարգիս Գէորգեանին, Սերգէյ Գասպարեանին, Վահագն Գէորգեանին, Տիգրան Առաքելեանին, Վարագ Նահապետեանին։
Երիտասարդներին մեքենաների միջև կարմիրբերետաւորները դաժան ծեծի են ենթարկել և տարել Ոստիկանութեան Կենտրոնի բաժին։ Ցուցարարներն ու լրագրողներն այժմ հաւաքւել են ոստիկանութեան շէնքի մօտ և պահանջում են ազատ արձակել ակտիւիստներին։
Աւելի վաղ տեղեկութիւն էր ստացւել, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Մասնաւորապէս, Սայեաթ Նովա–Աբովեան խաչմերուկում ոստիկանները քաշքշել են երիտասարդներին, ինչի հետևանքով ցուցարարներից մէկն ուշագնաց է եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել Վահագն Գէորգեանին, սակայն որոշ ժամանակ անց Վահագնը կրկին միացել է երթի մասնակիցներին։
Հասնելով Սայեաթ Նովա–Աբովեան խաչմերուկ՝ երիտասարդները նստել են խաչմերուկում։ Որդու նկարը ձեռքին՝ նրանց կողքին է նստել նաև Ջեմմա Վարդումեանը՝ մարտի 1–ին զոհւած Դաւիթ Պետրոսեանի մայրը։ Մարտի մէկին զոհւած Տիգրան Խաչարեանի մօրը՝ Ալլա Յովհաննիսեաին, ոստիկաններից մէկը հարւածել է։ Այնտեղ էր նաև Գոռ Քլոյեանի հայրը, որը փորձում էր բաժանել ոստիկաններին ու ՀԱԿ–ի երիտասարդներին։Ցուցարարների շարքում է նաև Արամ Մանուկեանը, որն անընդհատ հանդարտութեան կոչեր է անում։ Ոստիկանները սպառնում են, որ եթէ ցուցարարները չցրւեն, նրանց նոյնպէս բերման կենթարկեն։



Tert.am

0 Պատգամ: