Իրանը իր տեսակէտն ունի Ղարաբաղեան հակամարտութեան գօտում տեղակայւելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերեալ

19.02.2010

Տիգրան Աւետիսեան


«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակէտն ունենք Ղարաբաղեան հակամարտութեան գօտում տեղակայւելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերեալ», - ուրբաթ օրը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին յայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանը։
Դեսպանը չյստակեցրեց, թէ խաղաղապահ ուժերում յատկապէս որ երկրի մասնակցութիւնն է Իրանի համար անընդունելի։ Իրանը սահմանակցում է Ղարաբաղեան ուժերի վերահսկողութեան տակ գտնւող Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Զանգելանի շրջաններին։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ներկայիս ընթացքին, դեսպանը նշեց, թէ Իրանը կարեւորում է տարածաշրջանում առկայ լարւածութեան բոլոր օջախներում իրավիճակի մեղմացումն ու խնդիրների կարգաւորումը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ Իրանցի դիւանագէտի խօսքերով, Իրանը դեռեւս Ղարաբաղեան հակամարտութեան սկզբից է ջանքեր ներդրել խաղաղութիւն հաստատելու համար։
«Ղարաբաղեան պատերազմում առաջին երկու հրադադարները հաստատւել են նաեւ Իրանի շնորհիւ, երբ մեր երկրի նախագահն էր Ալի Աքբար Հաշէմի Ռաֆսանջանին, իսկ Հայաստանի նախագահն էր Լեւոն Տէր-Պետրոսեանը», - ասաց դեսպան Սաղայիեանը։
Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը ողջունում է այս խնդրի կարգաւորմանը միտւած ցանկացած միջազգային նախաձեռնութիւն, այդ թւում` Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է Հայ-թրքական յարաբերութիւններին, Թեհրանն ամբողջութեամբ կողմ է երկու երկրների միջեւ սահմանի բացմանը։
Անդրադառնալով իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ դեսպան Սաղաիեանը դրանք որակեց իբրեւ Արեւմուտքի, մասնաւորապէս, Միացեալ Նահագների եւ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպւած սադրանքի հետեւանք։



0 Պատգամ: