Ադրբեջանցիները Բրայզայի թեկնածութիւնը
սատարող արշաւ են սկսել
10:41 • 11.08.10
Միացեալ Նահանգներում գործող ադրբեջանական կազմակերպութիւններն արշաւ են սկսում` ի աջակցութիւն Բաքւում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտօնում Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացւած Մաթիւ Բրայզայի թեկնածութեան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալութիւնը:
«Հայկական Սփիւռքն անում է հնարաւորինը՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտօնում Մաթիւ Բրայզայի նշանակումը ձախողելու համար: Սփիւռքը փորձում է օրակարգ բերել այնպիսի հարցեր, որոնք որևէ առնչութիւն չունեն Բրայզայի և Բաքւում նրա գործունէութեան հետ»,- յայտարարել է ԱՄՆ-ում ադրբեջանական կազմակերպութիւններից մէկի ակտիւիստ Ֆարիզ Հասանովը:
«Մենք նամակներ են ուղարկում Սենատի անդամներին, թերթերի խմբագրութիւններին, ինչպէս նաև տարածաշրջանային փորձագէտներին, որոնցում բացատրում ենք, որ Բրայզայի հարցը հայերի քաղաքական խաղերից է»,- նշել է ադրբեջանցի ակտիւիստ Սամիրա Վելիևան` աւելացնելով. «Հայերը միշտ էլ դէմ են հադէս գալու Ադրբեջանի համար դրական տարրեր պարունակող ցանկացած նախաձեռնութեան»:
Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը օգոստոսի 3-ին քւէարկութեամբ հաւանութիւն տւեց աւելի քան 30 երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտօնում Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած թեկնածութիւններին։ Սակայն Մաթիւ Բրայզայի թեկնածութեան առնչութեամբ, որին Սպիտակ տան ղեկավարն ուզում է տեսնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտօնում, քւէարկութիւն տեղի չունեցաւ։
Բրայզայի թեկնածութեան շուրջ քւէարկութիւնը արգելափակելու նախաձեռնութեամբ հանդէս էր եկել Կալիֆոռնիան ներկայացնող սենատոր Բարբարա Բոքսերը: Քւէարկութիւնը հետաձգւել է մինչև Կոնգրէսի ամառային արձակուրդների աւարտը, այսինքն` մինչև սեպտեմբեր:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment