Աբդուլլահ Գիւլ.– Թուրքիան պատրաստ է բացել իր ռազմական արխիվները
15:40 / 16.10.2009
Ֆրանսիական L Express ամսագրի հարցերին է պատասխանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, որը անդրադարձել է հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւններին։ Այս մասին յայտնում է թուրքական TRT-ի կայքէջը։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, անդրադառնալով թուրքական խորհրդարան ներկայացւելիք ստորագրւած արձանագրութիւններին՝ ասել է. "Մի թուրքական ասացւածք կայ` «Լաւ նպատակը միշտ լաւ արդիւնք է տալիս։ Տայ Աստւած, որ բոլորը լաւ նպատակներով լինեն»։
Այն հարցին թէ դրսից ճնշում կայ՞ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վրայ, Թուրքիայի նախագահը նշել է, որ ոչ մի ճնշում չկայ, քանի որ տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն բերելը եւ հարեւանների հետ լաւ յարաբերութիւններ ստեղծելը Թուրքիայի քաղաքականութիւնն է։
Թուրքիայի կողմից զիջումների գնալու հետ կապւած Գիւլը նշել է. "Այդ կերպ մտածելը սխալ է, եւ եթէ այդպէս մտածենք՝ երբէք խաղաղութեան չենք կարող հասնել։ Հեռագնայ նպատակների համար պէտք է ունենալ լայն հեռանկարներ։
Իսկ «Լեռնային Ղարաբաղում դեռեւս հայկական զինուժ կայ, դա Անկարայի կողմից զիջո՞ւմ է»,-հարցին, Թուրքիայի նախագահը պատասխանել է. "Մի երկրի կողմից միւս երկրի տարածքի մի մասը զաւթելը անընդունելի է։ Այդ հարցը պէտք է երկխօսութեամբ կարգաւորւի։ Կրկնում եմ, որ մեր մտահորիզոնը պէտք է ընդլայնենք, ի՞նչ է Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները չե՞ն կարգաւորւելու։
Թուրքիայի նախագահն, անդրադառնալով 1915 թւականի «իրադարձութիւններ»ին, ասել է. «Թուրքիան բարի կամք է դրսեւորում եւ պատրաստ է իր բոլոր արխիվները՝ այդ թւում ռազմական արխիվները, բացել։ Մենք այլ երկրներից ժամանելիք պատմաբաններին էլ, բաց պատմական յանձնաժողովին էլ այս խնդրում աշխատելու իրաւունք ենք տալու եւ արդիւնքներն էլ պատրաստ ենք ճանաչել եւ ընդունել»,-ասել է Աբդուլլահ Գիւլը։
*** Ճիշտ այնպէս որ նախատեսւում էր՝ Թուրքիան խայտառակ արձանագրութիւններն ստորագրելով, ո՛չ յարաբերութիւնների կանոնաւորման ու ո՛չ էլ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու նպատակ է հետապնդում։ Նրանք ուզում են չխօսել ո՛չ ցեղասպանութեան ու դրա հետեւանքների, ու ո՛չ էլ Արցախի ազատագրւած տարածքի օրինականութեան մասին։

0 Պատգամ: