Մեկնարկում է Սերժ Սարգսեանի համահայկական ուղեւորութիւնը



01.10.2009

Յովհաննէս Շողիկեան,
Գէորգ Ստամբոլցեան

Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի համահայկական ուղեւորութիւնը, որի շրջանակներում նախատեսւած են այցելութիւններ Նիւ Եորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով:
Ինչպէս օրեր առաջ տեղեկացրել էին նախագահի աշխատակազմից, ուղեւորութեան նպատակն է հանդիպել եւ լսես հայկական Սփիւռքի մօտեցումները եւ կարծիքները այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին է հայ - թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը:
Նախօրէին Հանրային խորհրդի ընդլայնւած կազմի հետ հանդիպման ժամանակ Սփիւռքի գաղթօջախներ իր այցելութեան վերաբերեալ նախագահը ասաց. - «Ես վստահ եմ, որ ձեր օժանդակութիւնը, ձեր կամեցողութիւնը, որ նախատեսւած այցելութիւնները լինեն համոզիչ, հետաքրքիր, ինձ հնարաւորութիւն է տալիս մեր քոյրերին եւ եղբայրներին արտասահմանում ներկայացնելու իմ համոզւած կարծիքը, լսելու նրանց կարծիքները, ի վերջոյ` հաշւի առնելու ե'ւ նրանց կարծիքը, ե'ւ, ընդհանրապէս, այն հանգամանքը, որ հայութեան մեծ մասը ապրում է արտասահմանում»:
«Ես նպատակ չունեմ բոլորին համոզելու: Ես չեմ գնում համոզելու այդ մարդկանց, ես գնում եմ այդ մարդկանց լսելու եւ իմ կարծիքը ասելու», - յայտարարեց Սերժ Սարգսեանը:
Սերժ Սարգսեանի հանդիպումները սփիւռքահայութեան հետ մեկնարկելու են ուրբաթ օրը Փարիզում` օրւայ երկրորդ կէսին: Նախ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կը դնի Կոմիտասի յուշարձանին, ապա քիչ անց կը մեկնարկի նրա հանդիպումը Ֆրանսիայի եւ Արեւմտեան Եւրոպայի միւս երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ուշ երեկոյեան` Երեւանի ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, Սերժ Սարգսեանը հանդէս կը գայ մամուլի ասուլիսով, որի ընթացքում, ըստ Փարիզում Հայաստանի դեսպանութեան, նախագահը պատասխանելու է առաւելագոյնը չորս հարցի:
Ֆրանսիայից Սերժ Սարգսեանը կուղեւորւի Միացեալ Նահանգներ: Երեք օրւայ ընթացքում Հայաստանի ղեկավարը կայցելի Նիւ Եորք եւ Լոս Անջելես: Լոս Անջելեսում, ամերիկահայերից բացի, Սերժ Սարգսեանի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Հարաւային Ամերիկայի հայկական համայնքների ներկայացուցիչները:
Նախագահ Սարգսեանի ամերիկեան ուղեւորութեան շեմին ամերիկահայ ամենաազդեցիկ կազմակերպութիւններից մէկը` Հայ դատի յանձնախումբը նամակով դիմել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: «Այս միակողմանի արձանագրութիւնները, որ պարտադրւում են շրջափակման մէջ գտնւող Հայաստանին, որը մինչ այժմ փորձում է յաղթահարել Հայոց ցեղասպանութեան ժողովրդագրական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքները, վաւերացման դէպքում կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանութեան փաստը, ինչպէս նաեւ սպառնալիք կը հանդիսանան Հայաստանի անվտանգութեան համար», - ասւած է, մասնաւորապէս, Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկեանի ստորագրած նամակում:
Յիշեցնելով Քլինթոնին, որ որպէս Սենատի անդամ եւ Միացեալ Նահանգների նախագահի թեկնածու նա բազմիցս արտայայտւել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման օգտին, Հայ դատի յանձնախմբի ղեկավարը գրում է. - «Կրկին կոչ եմ անում ձեզ վերջ տալ արձանագրութիւնների ընդունման համար Հայաստանի վրայ գործադրւող ճնշումներին եւ խնդրում եմ ձեզ արձագանքել մեզ հետ հանդիպելու` անպատասխան մնացած առաջարկին: Մենք ակնկալում ենք այդ հանդիպման ընթացքում քննարկել ամերիկահայութեանը յուզող այս եւ միւս հրատապ խնդիրները»:
ԱՄՆ-ից Սերժ Սարգսեանը կուղեւորւի Լիբանան: Բեյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Քանդահարեանը «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցեց, որ ըստ ամենայնի, Հայաստանի նախագահը Լիբանանի մայրաքաղաքում կը լինի հոկտեմբերի 6-ին:
«Առայժմ որեւէ պաշտօնական տեղեկատւութիւն չկայ, սակայն այդ խորհրդակցութեանը ներկայ են լինելու ե'ւ կուսակցութիւնների, ե'ւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ ոչ միայն Լիբանանից, այլեւ Միջին Արեւելքի միւս պետութիւններից», - ասաց Քանդահարեանը:

0 Պատգամ: