Ինչո՞վ են զբաղւում և որքա՞ն են վաստակում հայերը Թուրքիայում

10:33 • 16.02.10
Ստամբուլում հրապարակւել են Թուրքիայում ապօրինի բնակւող հայաստանցիների վերաբերեալ Եւրասիա համագործակցութիւն հիմնադրամի և Ստամբուլի մշակոյթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի իրականացրած հետազոտութեան արդիւնքները։
2009թ. ապրիլին սկսւած 5-ամսեայ հետազոտութեան արդիւնքում փորձագէտները յանգել են այն եզրակացութեան, որ Թուրքիա ժամանած հայաստանցիների 48%-ը Շիրակի մարզից են, ինչի պատճառը, ըստ նրանց, 1988թ. աւերիչ երկրաշարժն էր։
«Թուրքիայում ապօրինի բնակութիւն հաստատած հայաստանցիների 96%-ը կանայք են, 4%-ը՝ տղամարդիկ։ Իսկ դրա պատաճառն այն է, որ Թուրքիայում կանանց համար աւելի շատ աշխատանք կայ։ Կանանց 72%-ը աշխատում է որպէս տուն մաքրող, 18%-ը՝ հիւանդապահ, 6%-ը՝ վաճառող, 4%-ը` այլ ոլորտներում։ Նրանք ամսական վաստակում են 500-1000 ԱՄՆ դոլար։ Իսկ տղամարդիկ հիմնականում զբաղւած են կօշկակարութեամբ կամ ոսկերչութեամբ»,- ասել է փորձագէտ Ալին Օզինիանը։
Օզինիանը խօսել է նաև ապօրինի բնակւող հայաստանցիների նկատմամբ հայ և թուրք գործատուների վերաբերմունքի մասին։ «Ազգութեամբ հայ գործատուներն աւելի վատ են վերաբերւում նրանց, քան թուրք գործատուները։ Սակայն երբ օրակարգ է գալիս Հայոց Ցեղասպանութիւնը, թուրք գործատուներն անմիջապէս փոխում են իրենց վերաբերմունքը»։
Հետազոտութեան ընթացքում փորձագէտը պարզել է նաև, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ Թուրքիայում ապօրինի բնակութիւն հաստատած հայաստանցիներն ապրում են վախի մթնոլորտում։
Սակայն, ըստ Օզինիանի, ամենամեծ խնդիրը կապւած է վերջիններիս` Թուրքիայում ծնւած երեխաների հետ։
«Որևէ ստոյգ տւեալ չկայ, սակայն կարելի է ենթադրել, որ Թուրքիայում ծնւել է 600-800 երեխայ։ Նրանք ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ պատճառով էլ դպրոց չեն կարողանում յաճախել»,- նշել է փորձագէտը՝ աւելացնելով, որ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների 96%-ի նպատակն իր երկիր վերադառնալն է։
Զեկոյցը ներկայացնելիս Ալին Օզինիանը ոչ մի խօսք չի ասել Թուրքիայում ապօրինի բնակւող հայաստանցիների թւաքանակի մասին, կամ գուցէ նրա խօսքը կրճատել են թուրքական լրատւամիջոցները։
Սակայն նշենք, որ 2009թ. թուրքական Radikal օրաթերթը, անդրադառնալով Օզինիանի հետազոտութեանը, հրապարակել էր որոշ տւեալներ, որոնց համաձայն՝ Թուրքիայում ապօրինի բնակւող հայաստանցիների թիւը կարող է հասնել առաւելագոյնը 12 հազարի:


Tert.am

0 Պատգամ: