Հանրայինը Էմմիին եւ Միհրանին յաղթանա՞կ էր խոստացել

17.02.2010
Յովհաննէս Մովսիսեան
Երկօրեայ լռութիւնից յետոյ Էմմին եւ Միհրանը բացառիկ հարցազրոյց են տւել «Մաքսլիբերթի»-ին` սկանդալային բացայայտումներ անելով «Եւրատեսիլ 2010» մրցոյթի հայաստանեան նախընտրական փուլի առնչութեամբ:
«Հանրային հեռուստաընկերութիւնն ինձ խոստացել էր, որ նախընտրական մրցոյթ չի լինելու, որ ես ու Միհրանն ենք ներկայացնելու Հայաստանը Օսլոյում: Մրցոյթով ընտրւելու էր միայն երգը: Վերջին 1-2 ամսւայ ընթացքում պարզւում է, որ մասնակցութեան մրցոյթ է լինելու»,- պատմեց Էմմին:
«Նախընտրական փուլի մասին խօսք անգամ չէր կարող լինել»,- վստահեցրեց Միհրանը եւ պատմեց, որ երբ իմացել է, թէ մրցոյթ է անցկացւելու, Հայաստան գալուց առաջ Հանրային հեռուստաընկերութեան հետ նախապէս ճշտել է` արդեօք պայմանաւորւածութիւնը ուժի մէջ է, որ իրենք են մեկնելու Օսլո: - «Ասացին 99 տոկոսով դուք էք, ուղղակի պէտք է գաք` մասնակցէք: Ինձ խաբեցին»:
«Մաքսլիբերթի»-ի այն հարցին, թէ արդեօ՞ք իրեն խաբւած զգում է, Էմմին պատասխանեց. «Առաջին անգամը չէ, որ ես նման վերաբերմունք եմ տեսնում Հանրային հեռուստաընկերութեան կողմից: Իմ մէջ արդէն իմունիտետ է առաջացել կապւած այդ հեռուստաընկերութեան հետ»: Երգչուհին ասում է, որ այսուհետեւ երբեք չի մասնակցելու «Հ1»-ի կազմակերպած որևէ մրցոյթի կամ նախագծի:
«Հանրային հեռուստաընկերութիւն» ասելով Էմմին և Միհրանը չցանկացան կոնկրէտ անուններ մատնանշել. «Եւրատեսիլի կազմակերպիչները, ով վերջնական «այո»-ն է ասում», - ասաց Միհրանը:
Այն, թէ Էմմին եւ Միհրանը ի՞նչ են մտածում քւէարկութեան արդիւնքների մասին, հաւանու՞մ են արդեօք Եւա Ռիվասի երգը, ինչո՞վ են զբաղւելու հետագայում, Անդրէի հետ յարաբերութիւնները փչացրե՞լ են, թէ ոչ և այլ հարցերի պատասխանները լսէք «Մաքսլիբերթի»-ի բացառիկ հարցազրոյցում` փետրւարի 17-ին:


«Ազատութիւն»

0 Պատգամ: