Արմէն Սարգսեանի յայտարարութիւնը նենգաբարոյ խաղերի արդի՞ւնք է


19:14 / 16.02.2010
ՀՀ ՊՆ շինվարչութեան նախկին պետ, գնդապետ Արմէն Սարգսեանի կողմից իր փաստաբաններից հրաժարւելու յայտարարութիւնից յետոյ, այսօր պատասխան յայտարարութիւն են տարածել նրա նախկին փաստաբանները:
Յիշեցնենք, որ Արմէն Սարգսեանը ձերբակալւել էր Նոր տարյայ տօներից մի քանի օր առաջ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց Միքայէլ Յարութիւնեանի 2008-ի փետրւարի 23-ին արձակած հրամանի քաղւածքը։ Հրապարակւած քաղւածքի համաձայն, նախագահական ընտրութիւններից 4 օր անց զինւած ուժերի ողջ անձնակազմին հրահանգւել է տեղափոխել զօրանոցային վիճակի, պաշտպանութեան նախարարութեան կենտրոնական ապարատի վարչութիւններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զէնքով զինւած սպայական խմբեր, Երեւանի կայազօրի նախկին պետ Եուրի Խաչատուրովի ենթակայութեամբ ստեղծել «Կայազօրի պետի վարչակազմ» անւամբ նոր կառոյց։ Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, նշւած ժամանակաշրջանում յիշեալ կառոյցը գործնականում փոխարինել է Հայաստանի զինւած ուժերի գլխաւոր շտաբին եւ ապահովել է մարտի 1-ին զինւած ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագայ կառավարման հետ կապւած գործընթացները։
Նա երէկ հրաժարւել է իր պաշտպաններից, քանի որ վերջիններս յայտարարել էին. «Արմէն Սարգսեանը մանրամասն ցուցմունքներ կը տայ, թէ ում է ձեռնտու եղել, որպէսզի քրէական գործը հարուցւի եւ նա գտնւի կալանքի տակ։ Նա արտօնել է մեզ, որպէսզի արդէն կոնկրէտ անուններ սկսեն տրւել։ Մէկը՝ Սէյրան Օհանեանը, միւսն էլ՝ Գլխաւոր շտաբի պետ Խաչատուրովը»: Իսկ ահա Ա. Սարգսեանը պնդել է, որ պաշտպանները հանդէս են եկել իր անունից եւ յայտնել են իրականութեանը չհամապատասխանող տեղեկութիւններ` դրանով վարկաբեկելով իր անունը:
Ի պատասխան սրա, Ա. Սարգսեանի արդէն նախկին պաշտպաններ Արթուր Գրիգորեանն ու Տիգրան Աթանեսեանը տարածել են յայտարարութիւն, որում ասւում է, թէ անկախ այն հանգամանքից` Ա. Սարգսեանն այդ յայտարարութիւնն արել է իր ազատ կամքով, թէ ճնշման տակ, դա նենգաբարոյ խաղերի արդիւնք է:
Փաստաբանները զգուշացնում են, որ իրենց պատիւը, արժանապատւութիւնն ու գործարար համբաւը արատաւորելու եւ կամ իրենց դէմ հետապնդում սկսելու համար Ա. Սարգսեանի սադրանքը շահարկելու դէպքում իրենք ստիպւած կը լինեն հրապարակել իրենց տրամադրութեան տակ գտնւող ու փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկութիւններ:
Նշենք, որ այդ տեղեկութիւնները վերաբերում են Պաշտպանութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: