Թուրքիայում Օջալանի ձերբակալման օրը կատաղի բախումներ են տեղի ունեցել



11:32 / 16.02.2010
Քրդերը PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութեան) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարին Թուրքիայի տարբեր քաղաքներում դիմաւորել են փողոցներում բարիկադներով, այրւող անւադողերով, ոստիկանութեան հետ կատաղի բախումներով եւ կրակոցներով:
Փետրւարի 15-ին` Իմրալի կղզում ցմահ դատապարտւած Աբդուլահ Օջալանի ձերբակալման օրը Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցոյցերի ընթացքում ոստիկանութեան եւ քուրդ ցուցարարների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել: Տասնեակ վիրաւորներ են տեղափոխւել հիւանդանոցներ, այդ թւում՝ ոստիկաններ:
Ստամբուլում բողոքի գործողութիւններին մասնակցել է քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Սաբահաթ Թունջելը: Ստամբուլում ձերբակալւել են բազմաթիւ բողոքաւորներ եւ հիւանդանոց են տեղափոխւել որոշ վիրաւորներ:
Իրադրութիւնը լարւած է նաեւ Դիարբեքիրում: Այստեղ կրկին բողոքի գործողութիւնները ղեկավարել է քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատգամաւորներից մէկը: Ոստիկանութիւնը օգտագործել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ: Բազմաթիւ բողոքաւորներ են ձերբակալւել:
Շրնաքում եւ Ջիզրեյում քուրդ ցուցարարները բարիկադներ են կառուցել, այրել են անւադողեր: Այստեղ հնչել են կրակոցներ: Դէպքի վայրից ոստիկանութեան ուժերը յետ են քաշւել եւ տեղը զիջել ժամանած յատուկ նշանակութեան ջոկատի մարտիկներին:
Բողոքի գործողութիւնները եւ բախումները շարունակւել են Բաթմանում, Մերսինում Բայազէտում եւ այլ քաղաքներում:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: