Ազգային ժողովի փոխնախագահը սխալ է համարում արձանագրութիւնների վաւերացման վերջնաժամկէտներ սահմանելը

16.02.2010
Ռուզաննա Ստեփանեան

Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամուէլ Նիկոյեանի համոզմամբ, Հայաստանը պէտք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականութիւնը նաեւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնների վաւերացման հարցում։
Երէկ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը շրջանառութեան մէջ է դրել Հայ-թրքական արձանագրութիւնների փաթեթը եւ որպէս գլխադասային յանձնաժողով նշանակել արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովին։
«Վաւերացման գործընթացի 3 տարբերակ է հնարաւոր», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Նիկոյեանը. - «Առաջինը՝ դա, որ գործընթացները զուգահեռ ընթանան, երկրորդը, որ մենք սպասենք թուրքական պառլամենտում այդ պրոցէսը ընթանայ, եւ երրորդը՝ փորձենք մեր նախաձեռնողական քաղաքականութիւն շարունակել նաեւ վաւերացման փուլում։ Կարծում եմ, որ շատ աւելի ճիշտ կը լինի, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը շարունակի իր նախաձեռնողական քաղաքականութիւնը»։
Ազգային ժողովի փոխնախագահը նաեւ անընդունելի համարեց արձանագրութիւնների վաւերացման համար կոնկրէտ ժամանակահատւած նշելը։ Ըստ նրա՝ սխալ է վերջնաժամկէտներ սահմանելը։
«Ոմանք նշում են [վերջնաժամկէտներ]՝ մարտ, ապրիլ։ Եթէ մենք համոզւած լինենք, որ դա տեղի է ունենալու մայիս ամսին, ի՞նչ է, մենք պէտք է հրաժարւե՞նք վաւերացումից։ Մենք պէտք է հետեւենք գործընթացներին՝ նրանք դրական ուղղութեամբ են զարգանում, լճացել են, թէ հետընթաց են ապրում։ Դրանից կախւած՝ ողջամիտ ժամկէտը կարող է տարբեր ընկալում ունենալ։ Ողջամիտ ժամկէտի ընկալումը նաեւ պէտք է համահունչ լինի միջազգային հանրութեան, Ամերիկայի, Ռուսաստանի, Եւրոպայի ընկալումներին», - յայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանը։


«Ազատութիւն»

0 Պատգամ: