ՀՀ նախագահ.–
«Ադրբեջանն արհամարհում է Միջազգային իրաւունքի կարևորագոյն սկզբունքը»
Մարտ 23, 2010թ. 10:00
Պաշտօնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում գտնւող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ խօսել է նաև տարածաշրջանային խնդիրներից:
Երկու երկրների նախագահների հանդիպումից յետոյ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Associated Press»-ի, լրագրողի հարցին, թէ ինչ փուլում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը, Սերժ Սարգսեանն ասել է. «Ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարաւորութիւն կը տան ԼՂ բնակչութեանն անվտանգ ապրել, զարգանալ իր պատմական հայրենիքում։ Սակայն մեր տարածաշրջանում ևս ռազմատենչ յայտարարութիւններ են հնչում, խորանում է թշնամանքը, փոխադարձ կասկածամտութիւնը: Այս ամէնը հաշւի առնելով, վերջերս ես հրապարակայնօրէն առաջարկեցի Ադրբեջանին կնքել ուժի և դրա սպառնալիքի չկիրառման մասին պայմանագիր, ինչը հնարաւորութիւն կը տայ որոշակի կայունութիւն հաստատել և որոշակի վստահութեան մթնոլորտ ձևաւորել։ Սակայն՝ փաստօրէն մերժելով մեր առաջարկութիւնը, Ադրբեջանն արհամարհում է Միջազգային իրաւունքի այս կարևորագոյն սկզբունքը, որը լաւ բանի չի կարող յանգեցնել: Այսպիսի իրավիճակ էր նաև 1990-ականների սկզբներին, երբ մենք ասում էինք խաղաղ ճանապարհով պէտք է լուծել Ղարաբաղի խնդիրը, Ադրբեջանը գնաց ագրէսիայի և ահա այսօր ունենք այն վիճակը, ինչ որ ունենք»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment