Ալիևի 12-ամայ որդին 44 միլիոն դոլարի ունեցւածք ունի Դուբայում
17:07 • 05.03.10
Ամերիկեան հեղինակաւոր The Washington Post պարբերականը աղմկահարոյց յօդւած է տպագրել, որը կապւած է Ալիևների ընտանիքի «ստւերային գործունէութեան» հետ:
Մասնաւորապէս, ըստ յօդւածի, Հեյդար Ալիև անունով ադրբեջանցի 12-ամեայ դպրոցականը անցած տարի Դուբայում ձեռք է բերել 44 միլիոն դոլար ընդհանուր արժողութեամբ անշարժ գոյք՝ ծովափնեայ 9 առանձնատների տեսքով։ Յօդւածագիրը նաև նկատում է, որ այդ գումարը համարժէք է միջին ադրբեջանցու 10 000 տարւայ աշխատավարձին: Համեմատութեան համար նաև նշենք, որ Իլհամ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է մօտ 228 000 դոլար։ Ամերիկեան թերթին յաջողւել է ճշտել, որ այս Հեյդարի Ալևի տւեալները (անուն, ազգանուն, ծննդեան տարեթիւ) համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու տւեալներին։ Post-ը փորձել է ճշտել Ադրբեջանի նախագահի մամուլի խօսնակ Ազար Գասիմովից գործարքի մանրամասնութիւնները, սակայն վերջինս հրաժարւել է որևէ մեկնաբանութիւն տալ։
Դուբայի կադաստրից պարբերականին յայտնել են նաև, որ Դուբայում կայ զգալի սեփականութիւն` գրանցւած Լէյլա և Արզու Ալիևների անուններով: Post-ի կարծիքով դրանք Ալիևի դուստրերն են. անունները համընկնում են, և, ըստ որոշ տւեալների, համընկնում են նաև նրանց ծննդեան թւականները։ Պարբերականի հաշւարկներով, Իլհամ Ալիևի երեխաների տւեալներով անձինք Դուբայում ունեն ընդհանուր առմամբ 77 միլիոն դոլարի սեփականութիւն։
Այնուամենայնիւ, ադրբեջանցիները փորձում են ժխտել Իլհամի հնարաւոր կապն այս ամէնի հետ։ Մասնաւորապէս, Post-ին տւած մեկնաբանութիւններում, SOCAR-ի (Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւն) նախկին նախագահ Սաբիթ Բագիրովն ասել է. «Չեմ կարծում, որ նրանք դա կանէին այսքան բացայայտ։ Սա աւելի շատ նման է պրովոկացիայի»։

Tert.am

0 Պատգամ: