Ջավախահայեր.–
ԱՄՆ պետքարտուղարութեան զեկոյցում անճշտութիւններ կան
14:43 / 19.03.2010
Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը բաց նամակ է յղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Եովանովիչին, որում նշել են, թէ . ԱՄՆ պետքարտուղարութեան մարդու իրաւունքների մասին զեկոյցում անճշտութիւններ կան ջաւախահայութեան իրաւունքների խախտումների վերաբերեալ:
Ըստ կազմակերպութեան՝ զեկոյցում «որեւէ բան չի ասւում ջաւախահայութեան նկատմամբ վրացական իշխանութիւնների քաղաքականութեան խտրական դրսեւորումների վերաբերեալ»:
«Զեկոյցը, ներկայացնելով ջաւախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանի գործը, որեւէ կերպով չի անդրադառնում 2007-09թթ. ջաւախահայ այլ ակտիւիստների նկատմամբ վրացական իշխանութիւնների համակարգւած բնոյթ կրող քաղաքական հետապնդումներին: Մինչդեռ, վրացական ուժային կառոյցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրէական գործեր հարուցելու եւ հեռակայ դատաւարութիւններ անցկացնելու հետեւանքով իրենց հայրենիքն են լքել եւ/կամ քաղաքական գործունէութիւնն են դադարեցրել տասնեակ ջաւախահայ քաղաքական ակտիւիստներ (Արթուր Պողոսեան, Գուրգէն Շիրինեան, Արամ Բաթոյեան, Գրիգոր Մինասեան, Սերգէյ Յակոբջանեան եւ այլոք)»,- նշել են նամակի հեղինակները՝ յաւելելով, որ փաստական անճշտութիւններ է պարունակում զեկոյցի՝ Չախալեանի գործին վերաբերող հատւածը:
«Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը, մտավախութիւն ունենալով, որ իրականութեանը չհամապատասխանող տւեալները կարող են հետագայում օգտագործւել այլ փաստաթղթերում, խնդրում է ԱՄՆ պետքարտուղարութեանը՝ վերանայել զեկոյցի՝ ջաւախահայութեան խնդիրների վերաբերող հատւածը»,- ասւած է նամակում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: