Չեխ լրագրողուհին լոյս է սփռել Խոջալուի դէպքերի վրայ
17:15 / 10.03.2010
Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան, որն անձամբ է ներկայ եղել 1992 թ. Խոջալուի դէպքերին եւ լուսաբանել դրանք, այսօր հայ լրագրողներին պատմել է այդ իրադարձութիւնների հետ կապւած ողջ ճշմարտութիւնը։
Նա, մասնաւորապէս, ընդգծել է, որ Ադրբեջանը խեղաթիւրում է Խոջալուի դէպքերի հետ կապւած փաստերը եւ միջազգային հանրութեանը ներկայացնում է սուտ ֆոտօ եւ վիդէո խրոնիկայ։ Լրագրողն անթոյլատրելի է համարել այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել դիակների հաշւին՝ խաբելով միջազգային հանրութեանը։ Նրան բարկացրել է նաեւ այն փաստը, որ ադրբեջանցիները փորձում են իրենց ստերի մէջ ներքաշել նաեւ չեխ ժողովրդին։ Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է Խոջալուի դէպքերի նախօրէին ադրբեջանցիների կողմից չեխական Լետիցա գիւղում գտնւող ֆաշիզմի զոհերի յուշակոթողի մօտ կազմակերպւած ակցիային։«Ինձ վիրաւորում է այն փաստը, որ նրանք փորձում են զուգահեռներ անցկացնել Երկրորդ Համաշխարհային պատեազմի տարիներին Չեխիայում տեղի ունեցած դէպքերի եւ Խոջալուի իրադարձութիւնների միջեւ»։
Նա ականատեսի աչքերով պատմել է. «Դիակներն առաջին օրն այլանդակւած չէին, եւ բոլոր մահացածները հագուստներով էին։ Այդ դիակներն այլանդակւել են յետոյ»։ Նա նաեւ պատմել է Խոջալուում տեղի ունեցած այլ գազանութիւնների մասին։ Նրա խօսքով, սկզբում կրակել են մարդկանց ոտքերին, որպէսզի նրանք չկարողանան փախչել, յետոյ կացիններով սպանել են նրանց՝ հանելով նրանց գանգամաշկը։ Նա նաեւ յայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դէպքերը լուսաբանել է միայն Չինգիզ Մուստաֆաեւը, ով մի քանի ամիս անց մահացել է խորհրդաւոր հանգամանքներում։ Լրագրողն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից այսօր ցուցադրւող կադրերը Մուստաֆաեւի նկարահանածները չեն։
Դանա Մազալովան հարցազրոյց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովից, որը յայտարարել է, թէ, Խոջոլուի բնակիչների խօսքով, այդ դէպքերը կազմակերպւած են եղել որոշ ուժերի կողմից։ Մութալիբովի պնդմամբ, Խոջալուի ջարդերը կազմակերպւել են ադրբեջանական ընդդիմութեան կողմից։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի ղեկավար Արա Սաղաթէլեանն իր հերթին յայտարարել է, որ Ադրբեջանը Խոջալուի մասին խօսում է՝ նպատակ ունենալով միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել Սումգայիթի, Բաքւի, Կիրովաբադի եւ Մարաղայի Հայ ազգաբնակչութեան կոտորածներից։ Յիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին յիշում են Մարաղայի կոտորածի զոհերին։ Արա Սաղաթէլեանը նաեւ յայտնել է, որ ապրիլին սումգայիթեան ջարդերի մասին ֆիլմ է ներկայացւելու, որում ցուցադրւելու են ռուս մասնագէտների կողմից նկարահանւած եզակի կադրեր։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment