Սերժ Սարգսեան.–
«Մենք հազար տարի ապրել ենք որպէս եղբայրներ եւ կը շարունակենք այդպէս»

28.02.2010
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած հանդիպումից յետոյ պատասխանելով լրագրողների հարցերին, հաւաստիացրել են, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները աննախադէպ ջերմ են։
Հայաստանի նախագահի կայքէջի հաղորդագրութեան համաձայն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաւէրով երկօրեայ մասնաւոր այցով հարեւան երկիր մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Բաթումում հանդիպել է իր գործընկերոջ հետ։ Երկու երկրների նախագահները քննարկել են Հայ-վրացական բարեկամական յարաբերութիւնների խորացման եւ տնտեսական փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարւել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կէտի բացման ուղղութեամբ տարւող աշխատանքներին:
Հանդիպման աւարտին նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:
Վրաստանի նախագահը ողջունել է Հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի յաջողութիւններով եւ ցաւում նրա խնդիրների համար, ինչպէս եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ յարաբերութիւնները, այսպիսի մտերմիկ համագործակցութիւնը ոչ միայն մեր վաստակն է, թէեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ յաւելել. – «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախութեամբ են հիւրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կայ հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:
Հայաստանի նախագահը շնորհակալութիւն է յայտնել հրաւէրի, ջերմ ընդունելութեան համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպաւորութիւններ ունի: Սերժ Սարգսեանը եւս մէկ անգամ վերահաստատել է հայ-վրացական հիանալի Յարաբերութիւնները եւ վստահութիւն յայտնել, որ այդպէս կը լինի մշտապէս. «Մենք հազար տարի ապրել ենք որպէս եղբայրներ եւ կը շարունակենք այդպէս»:

«Ազատութիւն»

0 Պատգամ: