Դաւութօղլուն հանդիպել է Շւէդիայի արտգործնախարարի հետ
10:46 • 13.03.10
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն երէկ հանդիպել է իր շւէդ գործընկերոջ` Կարլ Բիլդի հետ:Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Ֆինլանդիայի Լապլանդիա շրջանում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտօնական հաւաքի ժամանակ Դաւութօղլուն հանդիպել է Շւէդիայի արտգործնախարար Կարլ Բիլդի հետ և նրան հաղորդել պաշտօնական Անկարայի մտահոգութիւնները Շւէդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևի ընդունման առնչութեամբ:Լրագրողներին հետ հանդիպմանը Դաւութօղլուն ասել է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւն ընդունող խորհրդարանականները տեղեակ չեն պատմական իրադարձութիւնների մանրամասներին:«Այդ որոշումը մեր տեսանկիւնից մեծ սխալ է, և բացառւում է, որ մենք այն ընդունենք»,- նշել է Դաւութօղլուն` աւելացնելով, որ Թուրքիան Շւէդիայի պէս բարեկամ երկրից նման որոշում չէր սպասում:«Հարցի առնչութեամբ պրն. Բիլդին ներկայացրեց շւէդական կառավարութիւնից և խորհրդարանից մեր ակնկալիքները: Խորհրդակցութիւնները շարունակելու ենք»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:Լրագրողներից մէկի այն հարցին, թէ ի՞նչ է անելու Թուրքիան, եթէ Եւրոպայում շարունակւեն նման որոշումներ ընդունել, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտարարել է. «Բնականաբար, ինչպէս նախկինում էր, այնպէս էլ ապագայում, Թուրքիայի հակազդեցութիւնը շատ կոշտ է լինելու: Մենք թոյլ չենք տայ, որ մեր պատմութեանը գնահատականներ տան ուրիշները»:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment