Լոբբինգների Պատերազմ


14:15 • 05.03.10

Լոբբինգների պատերազմ. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը այսպէս բնորոշեց թիւ 252 բանաձևի երէկւայ քննարկումը ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում:
«Քննարկման ժամանակ մատնանշւեցին «կողմ» և «դէմ» արտայայտւողների յստակ մօտեցումները, և առաջիկայի համար Հայաստանը պարտաւոր է վերլուծել բոլոր «դէմ»-երի ելոյթները: Փոփոխութիւններ են պէտք լոբբինգի մարտավարութեան մէջ: Պէտք է լինի հայեցակարգւած մօտեցում»,- յայտարարեց դաշնակցական գործիչը:
Ըստ Ռուստամեանի` «սար ու ձորի տարբերութիւն կայ» հայկական և թրքական լոբբինգների ֆինանսական ծախսերի միջև. «Մի կողմից` Հայ Դատի գրասենեակներն են և հայկական կազմակերպութիւնները, միւս կողմից` թրքական պետութիւնը»:
Բանաձևի քննարկման ժամանակ թրքական կողմի կեցւածքը, Արմէն Ռուստամեանի կարծիքով, պէտք է սթափեցնող ազդեցութիւն ունենայ Հայաստանի իշխանութիւնների վրայ: Թուրքիան, ըստ նրա, չի հրաժարւելու նրանից, ինչ ուզում է ստանալ, յատկապէս` Ղարաբաղի հարցով:
Բանաձևի ընդունումը դաշնակցական պատգամաւորի համար սպասելի էր, թէպետ աւելացել էր «դէմ» քւէարկողների քանակը, ինչի պատճառը, նրա համոզմամբ, «չարաբաստիկ Հայ-թրքական Արձանագրութիւններն են»:
Ըստ Հ. Յ. Դ. Գերագոյն մարմնի ներկայացուցչի, բանաձևի ընդունումը շատ կարևոր է, բայց վերջը չէ, և որպէսզի այն ընդունւի նաև Կոնգրէսի լիագումար նիստում, պէտք է միաւորել բոլոր ուժերը` պետական ողջ ապարատի, հայկական կազմակերպութիւնների ներուժը:


Tert.am

0 Պատգամ: