ԱՄՆ Հայկական կազմակերպութիւնները ողջունել են Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը
12:15 / 05.03.2010
Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի ընդունումը:
«Չնայած թուրքական կառավարութեան լուրջ լոբբինգին, որին աջակցում էին ռազմական կորպորացիները, Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան մասին 252 բանաձեւը»,- ասւած է ԱՀՀ հաղորդագրութեան մէջ:
Ինչպէս նշել է ԱՀՀ գործադիր տնօրէն Բրայան Արդունին, այդ օրը յաղթանակեց ճշմարտութիւնը, իսկ հնարաւոր ցեղասպանութիւնների նախազգուշացումը շարունակութիւն ունեցաւ:
«Մենք երախտապարտ ենք յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ բոլոր այն կոնգրէսականներին, ովքեր հանդէս եկան բանաձեւի օգտին, որի հեղինակները կոնգրէսականներ Ադամ Շիֆֆը, Մարկ Քիրկը եւ Ֆրենկ Փալոունը»,- յայտարարել է Արդունին:
Յայտարարութեան մէջ նշւում է նաեւ, որ ԱՄՆ հայ համայնքը նամակ է յղել ԱՄՆ Կոնգրէսին, որ Ամերիկայի հայերը միայամուռ են իրենց կոչի մէջ:
Յիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը մի քանի ժամ տեւած քննարկումներից յետոյ ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը: «Կողմ» քւէարկեցին 23 կոնգրէսականներ, «դէմ»՝ 22:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: