Էրդողանի զայրոյթը եւ զառանցումները
15:34 / 06.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Գիւլի պէս կասկածում է ԱՄՆ Կոնգրէսմենների գիտելիքներին եւ աշխարհագրութիւնից նրանց տեղեկացւածութեանը։
Թուրքիայի վարչապետը ելոյթ է ունեցել Թուրքիայի գործարարների եւ արդիւնաբերողների կոնֆեդերացիայի 3-րդ արտակարգ համաժողովում եւ անդրադարձել է ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ընդունւած թիւ 252 հայկական բանաձեւին։
«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այս տարածքներում ամէն տնից էլ զոհեր են եղել։ Իհարկէ այդ դառնութիւնները չենք մոռացել եւ չենք մոռանալու, սակայն այդ ցաւալի իրադարձութիւնների վրայ մեր ապագան չենք կառուցելու։ Մեծ պետութիւնները նախկինից պէտք է դաս քաղեն եւ ապագային նայեն։ Նախորդ օրը ԱՄՆ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայկական օրինագիծը 23-ը կողմ եւ 22-ը՝ դէմ քւէարկութեամբ անցաւ։ Հիմա ո՞վ յաղթեց՝ Հայաստա՞նը, թէ ԱՄՆ-ը։
Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում այնպիսի մի իրադարձութիւն էր ստեղծւել, կարծես կատակերգութիւն լինէր...։ Այնտեղ այո կամ ոչի պայքար էր ընթանում։ Մի՞ թէ այդպիսի քւէարկութեան համակարգ է լինում։ Քւէարկողներից քանի՞սը կարող է քարտէզի վրայ Հայաստանի տեղը ցոյց տալ։ Կրկին յիշեցնում եմ, որ Թուրքիան մեծ երկիր է, եւ դա լաւ չհասկացողները շուտով հասկանալու են։
Շատ պարզ եմ ասում, որ ԱՄՆ-ի կողմից ընդունած որոշումը Թուրքիային ոչ մի վնաս չի տայ։ Կորցնողը մենք չենք, կորցնողը կարճ մտածողներն են»,-նշել է Էրդողանը։
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: