Նիւ Եորքում հանդիսաւոր կերպով նշւել է ՀՕՄ-ի 100-ամեակը
22:16 / 18.03.2010
Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) աշխարհասփիւռ անդամները (Յունաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից) մարտի 10-13-ը հաւաքւել են Նիւ Եորքում` նշելու ՀՕՄ-ի հարիւրամեակը: Առաջին օրը գլխաւոր բանախօսը Կանանց համաշխարհային բանկի նախագահ եւ վարիչ Մերի Էլեն Իսքենտերեանն էր, ով նշել է, որ կանանց կողմից տնտեսական զարգացման մէջ ներդրումները յաջողութիւն են արձանագրել: Նա կոչ է արել ներկաներին շարունակել իրենց համաշխարհային զօրակցութիւնը հայ ընտանիքների դաստիարակչական, առողջապահական, բնակարանային եւ այլ կարիքների բաւարարման ջանքերին:
Երեկոյթը վարող Ստեֆանի Մեսրոպեանը խօսել է ՀՕՄ-ի 100-ամեայ գործունէութեան մասին, նշելով, որ այն կենտրոնացնում է իր ջանքերը Հայաստանի, Արցախի ու Ջաւախքի մէջ կատարւող ծրագրերի վրայ:
Հայ առաքելական եկեղեցու Արեւելեան Ամերիկայի թեմի առաջնորդ Օշական Արքեպիսկոպոս Չոլոյեանը կարդացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի Կոնդակը` որտեղ նա շնորհաւորել է ՀՕՄ-ին, նրա 100-ամեայ անձնուրաց ծառայութեան համար: Նա 2010-ը յայտարարել է Հայ կնոջ տարի: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարեանն իր հերթին կարդացել է Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի շնորհաւորական ուղերձը:
Երեկոյթի գեղարւեստական բաժնին մասնակցել են օպերայի երգիչներ Վիկտորիա Աւետիսեանը, եւ Եղիշէ Մանուչարեանը, դաշնակահարուհի Արմինէ Վարդանեանի նւագակցութեամբ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: