Մորատինոս.–
Ուժի կիրառումը հակամարտութեան լուծման ճանապարհ չէ

18:53 / 02.03.2010
Ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման համար:
Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ մարտի 2-ին կայացած հանդիպմանը յայտարարել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնւող Եւրամիութիւնում նախագահող երկրի` Իսպանիայի Թագաւորութեան արտաքին գործերի եւ համագործակցութեան նախարար Միգել Անխել Մորատինոսը: Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցութեան ու քաղաքական երկխօսութեան ներկայ մակարդակը եւ կարեւորել դրա հետագայ խորացումը:
«Այս այցը Հայաստանի հետ յարաբերութիւնները խորացնելու ԵՄ-ի ռազմավարական տեսլականի վկայութիւնն է»,- նշել է Միգել Անխել Մորատինոսը՝ համոզմունք յայտնելով, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերը նոր էջ են բացում Եւրամիութիւն-Հայաստան յարաբերութիւններում եւ ընդհանուր ապագայի տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու հնարաւորութիւն են տալիս:
Նախագահ Սարգսեանն ու արտգործնախարար Մորատինոսը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եւրամիութիւն համագործակցութեան օրակարգի առաջնահերթութիւններին, քննարկել ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման, մուտքի արտօնագրերի տրամադրման ռեժիմի դիւրացման եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցութիւններին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին: Քննարկւած խնդիրների վերաբերեալ Նախագահ Սերժ Սարգսեանը ներկայացրել է պաշտօնական Երեւանի մօտեցումները: Միգել Անխել Մորատինոսը համոզմունք է յայտնել, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման համար: «Խնդրի լուծումը կարող է գտնւել միայն խաղաղ, դիւանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Իսպանիայի արտգործնախարարը:
Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Եւրամիութեան պատւիրակութիւնը նշւած խնդիրների շուրջ քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: