Շւէդիայի խորհրդարանն ընդունել է
Հայոց Ցեղասպանութեան
մասին բանաձեւ
21:23 / 11.03.2010
Շւէդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւ։ 2008 թւականի աշնանից շրջանառութեան մէջ դրւած նախագծի լոբբինգը կատարում էին շւէդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցութիւնները։ Բանաձեւն ընդունւել է 131 կողմ եւ 130 դէմ ձայների յարաբերակցութեամբ։
Ընդունւած փաստաթղթում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած դէպքերը ներկայացւում են, որպէս ցեղասպանութիւն։ Բանաձեւում նշւած է, որ Թուրքիայում իրականացւել են ինչպէս հայերի, այնպէս էլ ասորիների եւ պոնտացի յոյների զանգւածային ջարդեր։
«Մենք վստահ ենք, որ Շւէդիան Եւրամիութեան եւ ՄԱԿ-ի շրջանակներում պարտաւոր է գործունէութիւն ծաւալել 1915 թւականի դէպքերը ցեղասպանութիւն ճանաչելու ուղղութեամբ։ 1915 թւականի դէպքերը ցեղասպանութիւն ճանաչելը ոչ միայն փոխհատուցում կը դառնայ այն ազգային փոքրամասնութիւնների համար, որոնք ցայսօր շարունակում են ապրել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագայ զարգացմանը։ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր համարւել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ մերժում են անցեալի իրական պատկերը»,- նշւած է բանաձեւում։
Նշենք, որ բանաձեւի ընդունմանը նախորդել են բուռն քննարկումներ։ Իշխող լիբերալ, քրիստոնեա-դեմոկրատական եւ կենտրոնամէտ կուսակցութիւնները դէմ են արտայայտւել բանաձեւի ընդունմանը։
Յիշեցնենք, որ մէկ շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրէսի ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը եւս ընդունել է Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւ։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: