Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութիւնը ճշտել է ադրբեջանցի լրտեսների անունները


17:00 / 12.03.2010

Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը կարողացել է ճշտել օրերս Հայաստան ներթափանցած ադրբեջանցի լրտեսների ինքնութիւնը:
ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ վնասազերծւել է լրտեսների հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեութիւն ծաւալելու, տեղեկութիւններ հայթայթելու նպատակով: Ի դէպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղւել են նաեւ անասնագողութեամբ:
Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տաւուշի մարզի Կոթի գիւղի տարածքում ՀՀ զինծառայողների կողմից բացայայտւել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով եւ լրտեսական խմբին յատուկ սպառազինութեամբ հանդէրձաւորւած 5 հոգուց բաղկացած խումբ:
Գնահատելով իրավիճակը` մեր զինծառայողները նախազգուշական կրակ են բացել: Սկսւել է փոխհրաձգութիւն, ինչի հետեւանքով հակառակորդի լրտեսների խմբի անդամներից մէկը վիրաւորւել է եւ գերէվարւել: Վերջինս հիւանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Երկրորդ վիրաւորւած զինեալը եւ խմբի մնացած անդամները մթութեան պայմաններում կարողացել են փախչել Ադրբեջան:
Իրականացւած միջոցառումների արդիւնքում ստացւած օպերատիւ տեղեկութիւնները հաստատում են, որ ադրբեջանական կողմը պատրաստւում էր Հայաստանի տարածք ուղարկել եւս մի քանի հետախուզական խմբեր: Դրանց հնարաւոր գործունէութիւնը խափանելու նպատակով ՀՀ Զինեալ Ուժերի յատուկ ստորաբաժանումների կողմից կազմակերպւել էր սահմանի տւեալ հատւածի պահպանութեան լրացուցիչ միջոցառումներ:
Նոյն օրը աւելի ուշ, ժամը 21-ի սահմաններում, Կոթի գիւղի մօտակայքում նկատւում է Ադրբեջանից ներթափանցած օպտիկական նշանառութեան սարքերով, ինքնաձիգներով զինւած եւ սեւ գոյնի քողարկիչ համազգեստով հանդէրձաւորւած 3 հոգուց բաղկացած եւս մէկ խումբ, որը շարժւում է դէպի մօտակայ անտառը:
Դէպքերի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ այդ խումբը գործել է թիկունքից ապահովող մէկ այլ խմբի կրակային աջակցութեամբ: Հայկական կողմի ձեռնարկած գործողութիւնների արդիւնքում ադրբեջանցի զինեալները, կորուստներ կրելով, նահանջել են` չեզոք գօտում թողնելով երկու դիակ: Սպանւած ադրբեջանցիներից մէկի դիակը մարտի 5-ի առաւօտեան ժամը 6-ի սահմաններում չեզոք գօտուց տեղափոխւել է ՀՀ տարածք:
Ընդհանուր առմամբ, մարտի 3-ին ձեռնարկւած միջոցառումների արդիւնքում սպանւել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած 3 զինեալ, որոնցից 2-ի դիակները գտնւում են Հայաստանում: Վիրաւորւել է մէկ անձ` Իբրահիմ անունով, ում յաջողւել է հասնել Ադրբեջանի տարածք:
Օպերատիւ ճանապարհով ճշտւել են նաեւ ադրբեջանական զինեալներից եւս մի քանիսի անունները` Վելիեւ Վալի, Նամազով Սագիֆ` Քեոսալար գիւղից, ոմն Նիզամի եւ Խագանի:
Հայկական կողմում գտնւող 2 դիակներից մէկի` Հասանի բջջային հեռախօսի մէջ կան տարբեր տեսագրութիւններ` նահատակ-շահիդի թաղման արարողութեան, Ղազախի ներքին զօրքերի ստորաբաժանումների յատուկ պատրաստութեան եւ ազանների` կրօնական արարողութեան, վերաբերեալ: Հասանի բջջային հեռախօսում կային նաեւ լուսանկարներ, որոնք, ըստ երեւոյթին, նրա հարազատներն են:
«Չի բացառւում, որ սպանւած սահմանախախտները վահաբականութեան` ծայրայեղ արմատական իսլամիստական կազմակերպութեան ներկայացուցիչներ էին: Նրանց մօտ յայտնաբերւած անձնական իրերն ու մարմնի տարբեր մասերում առկայ դաջւածքները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք առնչութիւն են ունեցել Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների հետ եւ անցել են յատուկ պատրաստութիւն»,- ասւած է յայտարարութեան մէջ:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: