Այսօր Շւէդիայի խորհրդարանը քննարկում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագիծը
12:06 / 11.03.2010
Շւէդական խորհրդարանը այսօր` մարտի 11-ին պատրաստւում է քւէարկութեան դնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը:
Գերմանական DeutscheWelle-ի փոխանցմամբ` Շւէդիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը առաջարկել է չընդունել օրինագիծը: Յիշեալ օրինագիծը պատրաստւել է 15 տարբեր կուսակցութիւնների պատգամաւորների կողմից: Իսկ օրինագծում բացի Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութիւնից, դատապարտւում են նաեւ այլ ժողովուրդների դէմ իրականացրած ցեղասպանութիւնները:
Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը նախորդ տարիներին էլ է ներկայացւել, սակայն ամէն անգամ մերժւել է: Այս անգամ դրութիւնը մի քիչ այլ է: Նախկինում սոցիալ-դեմոկրատները այս նախագծին դէմ էին քւէարկում, իսկ 2009-ի նոյեմբերին կուսակցութեան ներսում այն ձայների մեծամասնութեամբ հաւանութեան արժանացաւ:
Երեք ձախ կուսակցութիւնների դաշինքը, պատրաստել է Շւէդիայի արտաքին քաղաքականութեան հայեցակարգ, որը կը լինի այընտրանք իշխանութիւնների արտաքին քաղաքականութեանը: Ձախերի հէնց այդ քաղաքականութեան մէջ է մտնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:
Շւէդիայի խորհրդարանում իշխանութիւնը ներկայացնում է 178, իսկ ձախերի դաշինքը` 171 պատգամաւոր: Այսինքն, եթէ իշխանական կուսակցութիւնները դէմ քւէարկեն` օրինագիծը հանգիստ մերժւում է: Սակայն, օրինագիծը պատրաստած 15 պատգամաւորներից 3-ը` իշխանական կուսակցութիւններից են: Այսինքն, եթէ այդ երեք իշխանական պատգամաւորներին միանայ եւս մէկ կամ աւել իշխանական կուսակցութիւնների պատգամաւոր` ձախերի առաջարկած օրինագիծը անցնում է:
Նշենք, որ Շւէդիայի թուրքական կազմեկերպութիւնների ներկայացուցիչները ընդդէմ այս օրինագծի հաւաքել են 5 հազար ստորագրութիւն:
Մէկ ամիս առաջ Շւէդիա ժամանած Թուրքիայի խորհրդարանական պատւիրակութիւնը եւս զգուշացրել էր շւէդ պատգամաւորներին, որ Ցեղասպանութեան օրինագծի ընդունումը կը վնասի թուրք-շւէդական յարաբերութիւններին:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: