Wednesday, March 10, 2010

Յարութ Սասունեան

Յարութ Սասունեան
«Չի կարելի թոյլ տալ Օբամային ու Քլինթոնին թաղել Ցեղասպանութեան բանաձևը»
17:03 • 10.03.10
Այն կոնգրէսականներն ու ընկերութիւնները, ովքեր հանդէս են եկել ընդդէմ մարտի 4-ի բանաձևի, պէտք է շատ թանկ վճարեն իրենց անբարոյական արարքի համար։ Նրանց բացասական քւէների և նամակների անտեսումը կը խրախուսի նրանց կրկին հանդէս գալ ընդդէմ բանաձևի, երբ այն ներկայացւի Կոնգրէսի լիագումար նիստին։ Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր Յարութ Սասունեանը «Ամերիկահայերը չպէտք է թոյլ տան, որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանութեան բանաձևը» վերնագրով յօդւածում: Ըստ Սասունեանի, եթէ ամերիկահայերին յաջողւի այդ անձանցից որևէ մէկին նոյեմբերին պարտութեան մատնել, ապա միւսներին դաս կը լինի, որ Ցեղասպանութեան բանաձևին դէմ քւէարկելով նրանք կարող են խաչ քաշել իրենց քաղաքական գործունէութեան վրայ։
«Չնայած ամերիկահայ ընտրողները չեն կարող «իրենց հաշիւները մաքրել» նախագահ Օբամայի հետ, քանզի այս տարւայ նոյեմբերին նրա թեկնածութիւնը քւէարկութեան չի դրւում, սակայն բանաձևին դէմ հանդէս եկած քսաներկու կոնգրեսականներից տասնութի թեկնածութիւնը դրւելու է քւէարկութեան։ Ամերիկահայերը պէտք է հնարաւոր ամէն ինչ անեն` կանխելու բոլոր նրանց վերընտրութիւնը, ովքեր մարտի 4-ին դէմ են քւէարկել Ցեղասպանութեան բանաձևին»,- գրում է Սասունեանը` յաւելելով, որ պէտք է արշաւ սկսել նաև ամերիկեան գլխաւոր պաշտպանական հինգ ընկերութիւնների՝ Lockheed Martin Corp., Boeing Co., Raytheon Co., United Technologies Corp. և Northrop Grumman Corp նախագահների դէմ, ովքեր համատեղ նամակ էին յղել Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահին` կոչ անելով մերժել Հայոց Ցեղասպանութեան բանաձևը, որպէսզի վտանգի չենթարկեն իրենց ապրանքաշրջանառութիւնը Թուրքիայի հետ։ Սասունեանը նշում է, որ բողոքի նման արշաւ պէտք է իրականացնել նաև ընդդէմ Aerospace Industries Association-ի, որն իր հերթին առանձին նամակ էր յղել Կոնգրէսին` ընդդէմ Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունման։
Ըստ Սասունեանի` ամերիկահայերը չպէտք է թոյլ տան, որ նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնն իրենց կամքը պարտադրեն Միացեալ Նահանգների Կոնգրէսին: «Ամերիկահայերը պէտք է կապ հաստատեն իրենց ներկայացուցիչների հետ իւրաքանչիւր ընտրատարածքում, ամբողջ երկրով մէկ, անգամ ամենահեռաւոր շրջաններում և յայտնեն նրանց, որ Ցեղասպանութեան բանաձևին չաջակցելու դէպքում, նրանք նոյեմբերին կը զրկւեն Հայ ընտրողների քւէներից։ Քաղաքական գործիչներն աւելի շուտ կը լսեն իրենց ընտրողներին, քան նախագահ Օբամային, քանզի նա է իրենց պաշտօնների վտանգման հիմնական պատճառը։ Ուստի, վերջին հաշւով բանաձևի ճակատագիրը գտնւում է ամերիկահայերի ձեռքում: Եթէ նրանք տոկունութիւն հանդէս բերեն և բաւարար քանակութեամբ աջակիցներ ձեռք բերեն կոնգրէսականների շրջանում, ապա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիին այլ բան չի մնայ անելու, քան բանաձևը ներկայացնել լիագումար նիստին` անկախ այն բանից, թէ վարչակազմն ինչ կը թելադրի նրան։ Հակառակ դէպքում, շատ այլ հարցերով բորբոքւած ընտրողները կարող են դուրս գցել պաշտօնատար անձանց` վտանգելով նաև խօսնակի նրա պաշտօնը»,- գրում է «Կալիֆոռնիա կուրիէրի» խմբագիրը։
Սասունեանը նշում է, որ ամերիկահայերը չպէտք է մոռանան իրենց խորին երախտագիտութիւնը յայտնել կոնգրէսական յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և բանաձևին «կողմ» քւէարկած քսաներկու միւս կոնգրէսականներին և պէտք է խանդավառութեամբ աջակցի նրանց վերընտրութեանը։

Tert.am

0 Պատգամ: