Ռայիսա Աւանէսեանը յոյսով է, որ կունենայ իր աւանդը հայ երգարւեստւմ


(Ի՞նչ է Իրանից տեղ չհասնող sms ների հարցը)


11:53 • 10.03.10
Ռայիսա Աւանէսեանը «Հայ Սուպերսթար–4» նախագծի եզրափակչի մասնակիցներից է: Նա նախկինում էլ է մասնակցել «Հայ Սուպերսթար» նախագծի նախընտրական փուլին, անցել է կիսաեզրափակիչ փուլ և իր կամքով հեռացել նախագծից՝ մտածելով, որ դեռ ժամանակը չէ։
«Դպրոցական էի, մտածում էի անել այնպէս, որ գործողութիւններիցս ոչ մէկը չխանգարի միւսին»,– ասում է նա։ Չորրորդ «Հայ Սուպերսթարին» մասնակցել է, քանի որ այն համահայկական էր և քանի որ հայրն էր շատ ուզում, որ մասնակցի։ Ռայիսան ծնւել է 1988թ. Իրանում։ Գերազանց առաջադիմութեամբ աւարտել է տեղի տասնամեայ երաժշտական դպրոցը։ Դպրոցական տարիներից սկսած՝ նւագում է կլառնէտ։ Հայաստանում աւարտել է Երգի պետական թատրոնը։ Այդ ընթացում սովորել է նաև Կոմիտասի անւան պետական կոնսերվատորիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։
- Ո՞ւմ հետ ես ապրում Հայաստանում։
- Սկզբում՝ մենակ, բայց գալահամերգներից սկսած՝ կողքիս է մայրս, իսկ վերջին երկու շաբաթւայ ընթացքում մեզ միացան ընտանիքիս միւս անդամները։ Շատ կուզէի, որ այստեղ լինէր նաև սիրելի տատիկս, սակայն, ցաւօք, առողջական խնդիրների պատճառով նա չի կարող գալ։
- Հնարաւո՞ր է, որ որոշէք ընդմիշտ մնալ Հայաստանում։
- Ո’չ, նախագծի աւարտից յետոյ բոլորը կը վերադառնան Թեհրան, Հայաստանում կը մնամ միայն ես. «Շանթ» հեռուստաընկերութեան հետ երեք տարւայ պայմանագիր եմ կնքել` երգի ասպարէզում կարիէրաս շարունակելու նպատակով…Յոյսով եմ իմ աւանդը կունենամ Հայ երգարւեստում:
- Ի՞նչն ես ամէնից շատ սիրում Հայաստանում։
- Փակ երկրում ապրելուց յետոյ ինձ այստեղ յատկապէս դուր է գալիս ազատութիւնը… Եւ, վերջապէս, հայրենիքում եմ, իսկ դա արդէն լաւ է։
- Հաւատու՞մ ես, որ յաղթելու ես։
- Փոքր-ինչ դժւարանում եմ պատասխանել հարցին, քանի որ ամէն ինչ կախւած է քւէարկութեան արդիւնքներից, իսկ այս նախագծում շատ դէպքեր են եղել, որ քւէարկութեան արդիւնքները բոլորովին այն չեն եղել, ինչին սպասում էինք։
- Ի՞նչ ծրագրեր ունես։
- Անելիքներս կապւած են այն առաջարկների հետ, որ սպասում եմ «Շանթ» հեռուստաընկերութեան կողմից։ Մօտ ժամանակներս պատրաստւում ենք մեր ողջ կազմով ներկայանալ հանդիսատեսին։
- Պատահո՞ւմ է, որ համաձայն չլինես ժիւրիի կարծիքի հետ։
- Հիմնականում համամիտ եմ լինում, սակայն լինում են դէպքեր, որ չեմ հասկանում նրանց։ Վերջին համերգին ինձ նկատողութիւն արւեց` կապւած այն բանի հետ, որ երգեցողութեանս մէջ ագրէսիա է նկատւում։ Բայց դա իմ երգելու ոճն է, այդպէս եմ երգը դարձնում իմը, և ձայնիս որակն է նաև այդպիսին։


Tert.am


Թէ՝ որպէս արւեստասէր, ու թէ՝ որպէս իրանահայ, որ լաւապէս եմ ճանաչում Ռայիսայի արեստով ու երաժշտութեամբ ճանաչւած հօր ու պապիկին, ամենայն բարիք ու կատարեալ յաջողութիւն եմ մաղթում Ռայիսային իր ընտրած ասպարէզում։ Բայց մի հարց անընդհատ անհանգստացնում է իւրաքանչիւր իրանահայի, եւ այն այստեղից(Իրանից) sms յղելու պրոբլեմն է, որի մասին տարածած լուրերը չեն համապատասխանում իրանականութեանը։Բոլորովին տեղայնական նեղ դիտանկիւններից չեմ նայում հարցին, որովհետեւ իւրաքանչիւր յաղթող՝ որտեղի՛ց էլ որ լինի, ազգային յաղթանակ է համարւում, քանզի աւելանում են համազգային աստղերի թիւը։ Սակայն այն ինչ կասկածանքի տեղիք է տալիս, այնպիսի մօտեցումներն են, որոնք մինչ այս ցուցաբերւել է սփիւռքահայութեան, ու մանաւանդ այնքան մօտ ու հարազատ՝ Իրանահայութեան նկատմամբ։ Յոյսով եմ սխալւած լինեմ։
Վարդան

0 Պատգամ: