ՆԱՏՕ-ի սեմինարին Թուրքիան ու Ադրբեջանը՝ ընդդէմ Հայաստանի
15:23 / 12.03.2010
Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացմանը խոչընդոտում է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, մասնաւորապէս նախօրէին Շւէդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ու ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի որոշումը: Այդ մասին մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին յայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր, կառավարող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն:
«Նման որոշումները կը յանգեցնեն Հայ-թրքական գործընթացի վերջնական ձախողման»,- սպառնացել է նա: Ընդ որում, նա ընդգծել է, որ եթէ գործընթացը ձախողւի, Թուրքիայի եւ Հայաստանի յարաբերութիւններն աւելի կը վատանան, քան նախքան բանակցութիւնները, իսկ իրավիճակը տարածաշրջանում աւելի կսրւի: «Մենք ոչ մի դէպքում որպէս կարգաւորման պայման չենք դնում Ցեղասպանութեան հարցը, ուղղակի այդ հարցը եւ դրա միջազգային ճանաչումը բարդացնում են արձանագրութիւնների վաւերացման հնարաւորութիւնը: Եթէ անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաւաքի ողջ խմբակցութիւնը եւ ասի, որ պէտք է քւէարկել արձանագրութիւնների համար, դա տեղի չի ունենայ, որովհետեւ քաղաքական մթնոլորտը խոչընդոտում է դրան: Ես ընդհանրապէս չեմ հասկանում, թէ ինչու է Հայաստանն արհեստական ժամկէտներ դնում: Նախկինում Երեւանում խօսում էին արձանագրութիւնները մինչե Յունւար, այժմ՝ մինչեւ ապրիլ ստորագրելու անհրաժեշտութեան մասին: Ասում էին, որ եթէ Թուրքիան մինչեւ Յունւար չվաւերացնի արձանագրութիւնները, Երեւանը յետ կը կանչի իր ստորագրութիւնը, բայց դա տեղի չունեցաւ: Իսկ Թուրքիան մինչեւ ապրիլ էլ չի ընդունի այդ արձանագրութիւնները: Տեսնենք՝ թէ ինչ կանի Երեւանն այս անգամ: Հայ-թրքական սահմանը 17 տարի փակ է, կարելի եւ մի տարի էլ սպասել»,- յայտարարել է թուրքը՝ տարակուսանք յայտնելով, որ Երեւանը չի ցանկանում քննարկել Ցեղասպանութեան հարցը գիտական ենթայանձնաժողովի շրջանակներում, որ ստեղծւելու է արձանագրութիւնների վաւերացումից յետոյ: «Եթէ հայերը վստահ են իրենց իրաւացիութեան մէջ, պէտք է ապացուցեն իրենց ճշմարտացիութիւնը , եւ դա պարտադիր կը լինի Անկարայի համար»,- հաւաստիացրել է նա:
Իր թուրք գործընկերոջն օգնութեան է շտապել ադրբեջանցի փորձագէտ Իլգար Մամադովը, որը յայտարարել է, թէ Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ անյայտ է, թէ ինչ է տալիս Երեւանը Հայ-թրքական գործընթացում: «Ցանկացած բանակցութիւն առեւտուր է, ամէն մի կողմը պէտք է մի բան տայ»,- վրդովւել է ադրբեջանցին: Ըստ նրա՝ մինչ ՍԴ որոշումը յստակ էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարւել Թուրքիայից հողային պահանջներից եւ, մասամբ, Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, որը «աւելի շուտ համոզմունք է, քան պատմական փաստ»:
Թուրք եւ ադրբեջանցի պատւիրակներին փորձել է հանգստացնել պատգամաւոր Կարէն Աւագեանը, ով յայտարարել է, որ Հայաստանը երբեք մտադիր չէ քննարկել Ցեղասպանութեան փաստը, քանի որ դա քննարկման ենթակայ չէ: «Զարմանում եմ, թէ ինչու է Թուրքիան յոյս ունեցել, որ Հայ-թրքական բանակցութիւնները կը կանգնեցնեն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը»,- նշել է Աւագեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: