Օբաման տւեց Հիտլերի յայտնի հարցի պատասխանը.
«դեռ այդտեղ են տասնեակ հազարաւոր հայերի կմախքները»:
Ռոբերտ Ֆիսկ
15:14 • 08.03.10
Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, խօսելով հայկական կոտորածների ( Հայոց Ցեղասպանութեան) մասին, յայտարարել էր` «Ո՞վ է այսօր յիշում հայերին»: Այդ հարցի պատասխանն այս շաբաթ տւեց Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Այս մասին բրիտանական The Independent թերթում գրում է յայտնի վերլուծաբան Ռոբերտ Ֆիսկը:
«Թուրքերին հանգստացնելու համար ստիպւած ենք լինելու ևս մէկ անգամ մոռանալ 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանութեան` Հայոց հոլոքոստի մասին: Միացեալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այդպէս արեց: Ջորջ Բուշն էլ թուլակամօրէն ի վերջոյ զիջեց թուրք գեներալներին: Իսկ հիմա էլ մեր աչքի առջև Նոբելեան մրցանակի դափնեկիրն է այդպէս վարւում՝ ևս մի խիզախ նախագահ, ով ընտրութիւններից առաջ խոստացաւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, յետոյ չարեց դա։ Նախագահ, որը նւնւում է՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին խնդրելով չասել ճշմարտութիւնը 1915թ. 1.5 միլիոն հայերի վայրագ բռնաբարութիւնների և սպանութիւնների վերաբերեալ…»,- գրում է Ֆիսկը` համոզմունք յայտնելով, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձևը չի յայտնւի Կոնգրէսի լիագումար նիստում:
«Վստահաբար կարելի է ասել, որ բանաձևը քւէարկութեան չի դրւի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Սակայն եթէ նոյնիսկ այնտեղ քւէարկութեան դրւի, Սենատում չի դրւի: Դրա համար ամէն ինչ կանի Օբաման: Մարդը, որը փոփոխութիւններ էր ցանկանում. չի ուզում փոփոխութիւն մտցնել այնպիսի հարցում, ինչպիսին նացիստների կողմից 6 միլիոն հրէաների կոտորածի համար ճանապարհ հարթած Ցեղասպանութեան ճանաչումն է»,- նշում է յայտնի վերլուծաբանը` ընդգծելով, որ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձութիւնը, այսինքն` թիւ 252 բանաձևի ընդունումը, ապացուցում է մի քանի բան։
«Ամերիկահայ լոբբին դարձել է աւելի հզօր և հարուստ, քան երբևէ: Իսկ թուրքերի համար լուրջ ազդեցութիւն ունեցաւ այն, որ հրէական լոբբին այս անգամ նրանց թիկունքին չէր: Իսրայէլը, որը խայտառակ կերպով պնդում է, թէ Հայոց հոլոքոստը Ցեղասպանութիւն չէ, անցեալում աջակցում էր Թուրքիային: Սակայն այս տարի երկու երկրների յարաբերութիւններում սեպ խրւեց, և իսրայէլցիները դեռևս բարկացած են Թուրքիայի վրայ այն բանի համար, որ Անկարան դատապարտեց Իսրայէլին Գազան արեան ծով դարձնելու համար»։
Ֆիսկը, անդրադառնալով պաշտօնական Անկարայի` Ցեղասպանութեան բանաձևի առնչութեամբ արած նախազգուշացումներին, գրում է. «Նախորդ անգամ թուրքերը, Բուշի աչքը վախեցնելու համար, գեներալներ գործուղեցին ԱՄՆ: Այս անգամ թուրք արտգործնախարարը նախազգուշացրեց, թէ «թուրք-ամերիկեան յարաբերութիւնները շատ կարևոր փուլում են, և այդ գործընթացի համար անհրաժեշտ է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցութիւնը առաւել քան երբևէ բարձր մակարդակի վրայ լինի»: Մեսիջը շատ պարզ է: Եթէ Միացեալ Նահանգները ճանաչի Ցեղասպանութիւնը, կը կորցնի Թուրքիայում աւիաբազաները ու դէպի Իրաք ռազմական շարասիւներ ուղարկելու ճանապարհները: Ցաւալին այն է, որ սրանք նոյն այն ճանապարհներն են, որոնցով 1915թ. հայերը քայլում էին մահւան քարաւաններով... Յուսանք, որ ամերիկացի զինւորները չեն որոշի կանգնել ու փորել այդ ճանապարհների յարակից դաշտերը»,- նշում է Ֆիսկը` աւելացնելով, որ «դեռ այդտեղ են տասնեակ հազարաւոր հայերի կմախքները»:
«Հետաքրքիր է իմանալ, թէ ի՞նչ կլիներ, եթէ Գերմանիան յանկարծ չընդունէր նացիստների իրականացրած Հոլոքոստը: Արդեօ՞ք կանցլեր Անգելա Մերկելը կը համակարպւէր այդ մտքի հետ: Արդեօ՞ք Օբաման լոբբինգ կիրականցնէր` թոյլ տալով Գերմանիային շարունակել այդ անպատկառութիւնը: Հաւանաբար տեղին է յիշել 1939թ. Հիտլերի` գեներալներին ուղղւած հարցը: Արևելեան Եւրոպայում միլիոնաւոր հրէաներ սպանելու նպատակով Լեհաստան մեկնելուց առաջ Հիտլերն իր գեներալներին մի պարզ հարց ուղղեց. «Այսօր ո՞վ է յիշում հայերի մասին»: Այս շաբաթ Հիտլերն Օբամայից ստացաւ իր հարցի այն պատասխանը, որը կը ցանկանար լսել»,- եզրափակում է Ֆիսկը:

Tert.am

0 Պատգամ: