Գերմանիայում ձերբակալւել է PKK-ի Իրանի թեւի ղեկավարը
18:17 / 08.03.2010
Գերմանական ոստիկանութիւնը Քիւլնի իր բնակարանում ձերբակալւել է PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութիւն) իրանեան թեւը համարւող եւ Իրանում գործունեութիւն ծաւալող PJAK-ի ղեկավար Հաջը Ահմադին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` PJAK-ի ղեկավար Ահմադին Բելգիայում ոստիկանութեան կողմից կազմակերպւած գործուղութիւնների հետեւանքով վերադարձել էր Քիւոլն: Գերմանական ոստիկանութիւնը յայտնում է, որ գործողութիւնը իրականացւել է թուրքական յատուկ ծառայութիւնների տրամադրած տեղեկութիւնների հիման վրայ:
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ Բելգիայում PKK-ի դէմ 300 ոստիկանների մասնակցութեամբ գործողութիւնների ընթացքում ձերբակալւել են 22 հոգի եւ բռնագրաււել մի շարք փաստաթղթեր:
Ձերբակալւածների մէջ են KONGRA-GEL-ի նախագահ Զոբէյր Այդարը եւ փոխնախագահ Ռեմզի Քարթալը, ով Թուրքիայի խորհրդարան էր մտել 1991-ին, որպէս DEP-ի պատգամաւոր, այնուհետ 1994-ին ձերբակալութիւնից խուսափելու համար հեռացել էր Թուրքիայից։ Զոբէյր Այդարը նոյնպէս նախկին DEP-ի (Դեմոկրատական կուսակցութիւն, որը փակւել է Թուրքիայի ՍԴ-ի կողմից 1994-ին, խմբ.) պատգամաւոր է եղել եւ 2004-ից հետախուզման մէջ է։
Բելգիայում տեղի ունեցած իրադարձութիւնների պարզաբանման համար Թուրքիայի քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայում Բելգիայի դեսպանից հանդիպում է պահանջել:
Բելգիայում գործող քրդական ROJ TV-ի աշխատող Ամեդ Դիջլեն կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ ոստիկանութեան կողմից ROJ TV-ի գրոհին մասնակցել են Թուրքիայից ժամանած ոստիկաններ: Դիջլեն նշել է, որ ոստիկանները խօսում էին ստամբուլեան բարբառով: Դիջլեի ուշադրութիւնը գրաւել է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանների ձեռնաշղթաները եղել են նոյնը, ինչ օգտագործում են Թուրքիայում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: