Թուրքիայում բանակը պարտւեց
. Newsweek
16:32 • 08.03.10
Ամերիկեան Newsweek շաբաթաթերթը անդրադառնալով Թուրքիայում շաբաթներ առաջ տեղի ունեցած բարձրաստիճան զինւորականների աղմկայարոյց ձերբակալութիւններին, գրում է, որ «թղթէ վագրի վերածւած բանակը պարտւեց», և Միացեալ Նահանգները «պէտք է ողջունի իսլամիստներին»:
«Թուրքիայում արիւնալի յեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով մի խումբ գեներալների ձերբակալութիւնը պէտք է որ յաղթանակ լինի արդարադատութեան համար: Ժողովրդավարութեան համար պէտք է յաղթանակ լինի նաև այն, որ վերջ է դրւում բանակի` քաղաքականութեանը միջամտելու փորձերին: Իսկ աւելի շատ ժողովրդավարութիւնը պէտք է որ երկիրն աւելի լիբերալ և աւելի եւրոպամէտ դարձնի: Սակայն Թուրքիայում քաղաքական տրամաբանութիւնը միշտ գործում է պարզ մոդելներին հակառակ»,- գրում է ամերիկեան պարբերականը` աւելացնելով, որ պարադոքսն էլ հէնց սա է. «Սակայն աւելի ժողովրդավարական Թուրքիա դեռ չի նշանակում աւելի եւրոպամէտ, աւելի ամերիկամէտ Թուրքիա: Իշխանութեան գլուխ կանգնած «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան համար վերջին` ամենամեծ արգելքը վերանալուց յետոյ Թուրքիայի պահպանողական վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազատ կը լինի աւելի իսլամական Թուրքիայի տեսլականը կեանքի կոչելու հարցում: Աւելի շատ ժողովրդավարութիւնն էլ դեռ չի նշանակում աւելի շատ լիբերալիզմ»,- նշում է Newsweek-ը։
Միևնոյն ժամանակ, պարբերականը գրում է , որ աշխարհն աւելի խելացի կը գտնւի, եթէ աջակցի «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեանը. «Բանակի անկումը երկարաժամկէտ հեռանկարում Թուրքիայում առաջ է բերելու աւելի ժողովրդավարական, աւելի կայուն և աւելի հասուն մի մթնոլորտ: Այդ պատճառով աշխարհն աւելի խելացի կը գտնւի, եթէ հեղինակութիւնը կորցրած բանակի վերադարձը պահանջելու փոխարէն «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան կողքին կանգնի»:

Tert.am

0 Պատգամ: