Անկարայից Երեւանին՝ հերթական «ապրիլեան» ժեստեր
15:36 / 12.03.2010
Թուրքիան խորապէս անհանգստացած լինելով ԱՄՆ-ի եւ այնուհետ Շւէդիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծերից եւ մտածելով, որ այդ պրոցեսը կընդլայնւի, սկսել է իր հերթական «մինչ ապրիլ 24-ի» խաղերը։
Թուրքիան յիշում է, որ անցեալ տարի իրեն յաջողւեց սին խօսակցութիւններով աշխարհի ուշադրութիւնը գրաւել Հայաստանի հետ ուր որէ բացւող սահմանով, յարաբերութիւնների կարգաւորմամբ։ Իսկ ինչպէս ցոյց տւեց ժամանակը, ապրիլի 22-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնից յետոյ ամէն ինչ սառեց մինչ օգոստոսի վերջին արձանագրութիւնների նախաստորագրումը։
ԱՄՆ-ի Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից թիւ 252 հայկական օրինագծի ընդունումից յետոյ թուրքական իշխանութիւնների զայրոյթը հետաքրքիր զուգադիպութեամբ արագ անցաւ։ Ու թուրքական մամուլը կրկին վկայակոչելով ինչ որ անանուն դիւանագէտների, վստահեցնում է, որ Անկարան չի կապում ԱՄՆ-ի կողմից ընդունած Ցեղասպանութեան օրինագիծը Հայ-թրքական յարաբերութիւնների հետ։ Այս համատեքստում աչքի ընկաւ Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի փոխնախագահ, Թուրքիայի խորհրդարանում թուրք-ամերիկեան բարեկամութեան խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուի յայտարարութիւնը մինչ Երեւան ժամանելը։ Վերջինս յայտարարութիւնը աչքի էր ընկնում մի տեսակ հանդուրժողականութեան կոչով։ Իր խօսքում թուրք պաշտօնեան անհրաժեշտ է համարում Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումը եւ նշում, որ ամէն դէպքում հայկական Սփիւռքը շարունակելու է Ցեղասպանութեան ճանաչման արշաւը։
Իր իւրայատուկ մօտեցումով է հանդէս գալիս թուրքական Sabah-ը, ըստ որի՝ Շւէյցարիայում արձանագրութիւնների ստորագրման գործընթացին մասնակցած թուրք դիւանագէտները ուղղակի ռոմանտիկ խօսքեր են անւանում «արձանագրութիւնները մահացել են» արտայայտութիւնը։ Ըստ այդ անանուն դիւանագէտների, արձանագրութիւնների վաւերացման գործընթացում որեւէ անհանգստութիւն չկայ եւ գործընթացը իր հունով գնում է։
Թուրքական Star-ը աւելի առաջ գնալով նշում է, որ Ղարաբաղի խնդրի լուծման պայմանով արձանագրութիւնների վաւերացումից յետոյ Թուրքիան կառաջարկի անվարձահատոյց կառուցել Թուրքիա-Հայաստան եւ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան աւտոճանապարը։ Թուրքական պարբերականը նոյնիսկ յայտնում է, որ Երեւանում գտնւած «Թուրքիայի տնտեսական քաղաքականութեան հետազոտութիւնների հիմնադրամը» այս մասին յայտնել է Հայաստանի ղեկավարութեանը։
Ղարաբաղեան խնդրում հակամարտութեան կողմի կարգավիճակում յայտնւած Թուրքիան ոչ աւել ոչ պակաս բաւականին հեռուն գնացող նպատակներ ունի։ «Լաչինում անվտանգութեան ապահովման համար Թուրքիան ուժեր ուղարկելու առաջարկ է անելու»,-նշում է Star-ը, ինչ որ կանխատեսումներ անում Լաչինից եւ Քելբաջարից հայկական ուժերի յետ քաշման ժամկէտների վերաբերեալ։
Ժամանակն է, որ Թուրքիան հասկանայ, որ պրիմիտիւ եւ հին հնարքներով մի քանի անգամ չի կարող խաբել աշխարհին։ Եւ նման քաղաքականութիւնը դատապարտւած է նորանոր երկրների խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծերով։

Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: