Հայ–թրքական գործընթացն արագացնող
գործօններն աւելացե՞լ են
Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունման մասին խօսելիս ԱԻՄ նախագահ Պարոյր Հայրիկեանն ասել է, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ. դա ամբողջ աշխարհի խնդիրն է։ Նրա համար ցաւալի է, որ բանաձևն ընդունւեց միայն մէկ ձայնի տարբերութեամբ։
Պարոյր Հայրիկեանը ողջունելի է համարել, որ հայաստանեան պետութեան ղեկավարները վերջերս օգտագործում են ոչ թէ «Ցեղասպանութեան ճանաչման», այլ «Ցեղասպանութեան հետևանքների վերացում» ձևակերպումը։ Այս առումով անգամ Հայաստանի անկախութեան վերականգնումն այդ հետևանքների վերացումն էր։
Նրա կարծիքով տեղաշարժ տեղի է ունեցել, սակայն ոչ թէ Հայաստանի նախաձեռնութեան շնորհիւ, այլ արտաքին աշխարհի թելադրանքով, և ակնյայտ դարձան այն սխալների հետևանքները, որոնք առկայ էին Հայ-թրքական արձանագրութիւններում։ Նրա կարծիքով եթէ Հայ-թրքական յարաբերութիւններում իսկապէս նախաձեռնողական մօտեցում լիներ, Հայաստանը տարբեր ատեաններում շատ շահեկան դիրքերում կլիներ, քանի որ հայերի նկատմամբ յանցագործութիւն է կատարւել. «Մենք տարբեր ատեաններից պէտք է բարձրացնէինք միայն դա, սահմանների ու դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու հարցերը, այն էլ՝ առանց ձգձգման։ Եթէ այդ տեսակի հարցը ձգձգւում է երկու ամսից աւելի, դու միանգամից իրաւունք ունես ասելու, որ աւազակին կարգի հրաւիրեն»։
Այդուհանդէրձ, նրա կարծիքով Հայ-թրքական յարաբերուիւնների կարգաւորման գործընթացը փակուղի չի մտել, որովհետև ԱՄՆ-ը բաւական նուրբ խաղ է խաղում, և որքան էլ թուրքերը յոխորտան, դա ժամանակաւոր է։ Այս փուլում նոր խոչընդոտ չի աւելացել. ընդհակառակը՝ նրա կարծիքով աւելացել են գործընթացն արագացնող գործօնները։ Ընդհանուր առմամբ հնարաւոր է, որ գործընթացը դրական աւարտւի։

7or.am

0 Պատգամ: