Վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակէտը վերսկսեց աշխատանքը



10:58 / 01.03.2010
Գրեթէ եռամեայ ընդմիջումից յետոյ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակէտը այսօր՝ մարտի 1-ին վերսկսեց աշխատանքը:
Անցակէտի աշխատանքի վերսկսման համաձայնութիւնը ձեռք էր բերւել վրացի եւ ռուս փորձագէտների միջեւ Երեւանում եւ Կազբեգիում` Շւէյցարիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ, եւ հաստատւել էր Ռուսաստանի ու Վրաստանի ԱԳՆ-ների նոտաներով:
Անցակէտով կարող են անցնել միայն աւտո–տրանսպորտային միջոցները: Հետիոտն անցումը, նաեւ մերձակայ բնակավայրերի բնակիչների մեղմացւած անցման ռեժիմը նախատեսւած չէ: Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք ցանկանում են հատել սահմանը, անհրաժեշտ է վրացական կամ ռուսական վիզաներ ստանալ Շւէյցարիայի դեսպանատանը:
Ինչպէս ՌԻԱ Նովոստիին յայտնել է Ռուսաստանի ԱԴԾ ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլոդը, ԱՊՀ երկրների, Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի քաղաքացիները կարող են հատել պետական սահմանը՝ միայն ունենալով օտարերկրեայ, ծառայողական կամ դիւանագիտական անձնագրեր, նաւաստու անձնագիր, կամ Ռուսաստան վերադառնալու հաւաստագիր:
Յիշեցնենք, որ անցակէտը չի գործում 2006 թւականից: Այն փակւել էր ռուսական կողմի՝ վերանորոգման պատրւակով:
2009թ. մայիսին կայացաւ շինարարութեան աւարտման հանդիսաւոր արարողութիւնը, իսկ հոկտեմբերի վերջին Մոսկւան եւ Թբիլիսին պատրաստակամութիւն յայտնեցին այն բացելու վերաբերեալ:
«Վերին Լարսի» թողունակութիւնը օրական 7 հազար մարդ է:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: